Քաղաքագետները տարակարծիք են Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման ապագայի հարցում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 10, 2013 17:16
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի 9-ի հանրահավաքից հետո հետընտրական շարժման փուլը կարելի է փակված համարել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեցքաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Ամեն ինչ պարզ էր դեռեւս այն պահից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն դուրս մղեց քաղաքական գործընթացներից եւ իր հանրահավաքների ժամանակ հանդես էր գալիս միայն պոպուլիստական հայտարարություններով՝ չներկայացնելով իր քաղաքական պայքարի հստակ նպատակներն ու ծրագրերը»,-ասաց նա՝ նշելով, որ ամեն ինչ վաղ թե ուշ ավարտվելու էր: Ըստ քաղաքագետի՝ արդեն ակնհայտ է, որ իր կողմից խոստացված վերջնաժամկետներում որեւէ փոփոխություն երկրի քաղաքական կյանքում տեղի չունեցավ, նրա համակիրները չստացան այն «Նոր Հայաստան»-ը, որ նա անընդհատ խոստանում էր:
«Որպես հեղափոխության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն իրեն սպառել է: Նախօրեին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նկատվեց, որ Հովհաննիսյանն այլեւս չէր կարողանում կառավարել Ազատության հրապարակում հավաքվածներին, ինչը նշանակում է, որ նա կորցրել է ժողովրդի վստահությունը, հատկապես ոստիկանության հետ անհաջող բախումներից հետո, ինչի արդյունքում իրավապահ մարմիններին հաջողվեց կասեցնել նրանց առաջխաղացումը դեպի նախագահական նստավայր»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական պայքարը կարելի է ավարտված համարել եւ սպասել Երեւանի ավագանու ընտրություններին, որտեղ շատ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում:
Շարժման մարման մասին Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկման հետ համամիտ չէ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ շարժումը դեռեւս շարունակվում է, ավելին՝ այն կարող է իր հետեւանքները թողնել նաեւ մայիսին սպասվելիք ավագանու ընտրությունների վրա: Նրա խոսքով՝ այս պահին ժողովրդի մի հատվածը իսկապես բողոք ունի եւ Ազատության հրապարակում կանգնելով արտահայտում է իր բողոքը, սակայն քաղաքացիների մոտ չի նկատվում այն ակտիվությունը, ինչի շնորհիվ կարելի կլինի լուրջ ազդեցություն ունենալ երկրի ներքաղաքական կյանքի վրա:
Մարգարովը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ ապրիլի 9-ին ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումը ողբերգական ավարտ չունեցավ՝ նշելով, որ դա խոսում է իրավապահ մարմինների համակարգված եւ գրագետ գործողությունների մասին: «Իհարկե ցանկացած գործողություն, որը հակասում է Սահմանադրությանը, իրավապահ մարմինների կողմից կհանդիպի դիմադրության, սակայն հարկ է նշել, որ նախօրեին մեր իրավապահները ամեն կերպ խուսափեցին լուրջ բախումներից եւ ի վերջո կարողացան հանգստացնել նաեւ ցուցարարներին»,-ասաց նա: Քաղաքագետը նշեց, որ հնարավոր է այս դեպքերից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կորցնի իրեն աջակցող հասարակության մի մասի վստահությունը, սակայն կլինեն նաեւ մարդիկ, որոնք մինչեւ վերջ նրա կողքին կմնան ու կաջակցեն նրա պայքարին:
Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հավաքվածների ճնշման տակ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում է կայացրել ցուցարարների հետ շարժվել դեպի նախագահական նստավայր, սակայն Բաղրամյան պողոտայի սկզբնամասում նրանց ճանապարհը փակել են ոստիկանները՝ նշելով, որ երթն անօրինական է եւ իրենք չեն կարող հակասահմանադրական գործողություններ թույլ տալ: Ցուցարարները փորձել են ուժ կիրառելու եղանակավով ճեղքել ոստիկանների կազմած պատնեշը, սակայն դա նրանց չի հաջողվել: Ստեղծված իրավիճակը շտկելու համար դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում հետ բանակցություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն իր համախոհների եւ ոստիկանության ուղեկցությամբ Սարյան փողոցով բարձրացել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղիիկներ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդից նա վերադարձել է Ազատության հրապարակ եւ հավաքվածներին ցրվելու կոչ է արել՝ նշելով, որ Ազատության հրապարակում իրենց պայքարը կշարունակեն ապրիլի 12-ին:






Facebook
Tweet This
Email This Post
