Շուշան Պետրոսյանի հարցերն անհարմար վիճակի մեջ գցեցին Մարդու իրավունքների պաշտպանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2013 17:00

Այսօր խորհրդարանում «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը մի շարք հարցեր ուղղեց Կարեն Անդրեասյանին. ինչո՞ւ զեկույցում ներառված չեն կերպարվեստի խնդիրները՝ արվեստանոցները հավասարապես հարկվում են կազինոների պես, «ստեղծագործական տարածք» հասկացությունը վերացել է, տաղանդավոր նկարիչները չեն կարողանում իրենց նկարները վաճառել՝ փիարի մասնագետ չունենալու պատճառով, վաճառում են արվեստանոցները, քանի որ չեն կարողանում պահել և այլն: «Աշխարհում մենք միակ երկիրն ենք, որ նման վերաբերմունք ունենք նկարիչների և արվեստագետների հանդեպ»,-հայտարարեց երգչուհի պատգամավորը:

Նա անդրադարձավ նաև կենդանի հնչողության մասին ընդունված օրենքին՝ գնահատելով դա դրական, սակայն նկատեց, որ դրանով պաշտպանվում են միայն հանդիսատեսի իրավունքները.  «Իսկ արտիստի իրավունքները պաշտպանված չեն,-ասաց նա,-եղել են համերգներ, երբ ես երգել եմ Տրոցկու ժամանակաշրջանի միկրոֆոններով: Դա ոտնահարում է մեր իրավունքները»:

Պատգամավորը հարց բարձրացրեց նաև զինվորական ծառայության ոլորտի վերաբերյալ: «Քարվաճառը ձմռանն անանցանելի է դառնում, և տղաները  60-65 կգ ծանրությամբ իրերն իրենց ուսերին բարձրացնում են դիրքեր»:

Ըստ Շուշան Պետրոսյանի, հետագայում դա ազդում է նրանց առողջության վրա՝ առաջացնելով երիկամների, ողնաշարի, հիպերտոնիայի խնդիրներ: Նա առաջարկեց այդ զինվորներին ծառայությունից հետո մեկամսյա վերականգնողական թերապիայի հնարավորության հարցը բարձրացնել:

Մարդու իրավունքների պաշտպանին Շուշան Պետրոսյանի հարցադրումներն անհարմար վիճակի մեջ գցեցին: Նա խոստովանեց, որ բարձացված հարցերը շատ կարևոր էին, և բացթողում համարեց դրանք զեկույցում չներառելը: Սակայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մեղքի բաժինն այդ բացթողման մեջ այնքան էլ մեծ չէ. «Այդ խնդիրները չեն եկել դեպի մեզ, և մենք չենք ունեցել դրանց վերաբերյալ տեղեկատվություն: Մեզ իրազեկեք, որպեսզի ավելի շուտ իմանանք»,-ասաց նա:

Ամեն դեպքում, Կարեն Անդրեասյանը դիտողությունն ընդունեց ի գիտություն և խոստացավ շատ արագ շտկել իրավիճակը: «2013 –ի զեկույցում այդ հարցերն անպայման ներառված կլինեն»,-հավաստիացրեց նա:

Շուշան Պետրոսյանը ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներից որևէ մեկին հրավիրեց միանալ իր մեկամսյա շրջագայությանը՝ զորամասեր, որի ընթացքում վերջինս բազմաթիվ խնդիրներ ի հայտ կբերի:

Դիտվել է 1525 անգամ:
Print Friendly

Leave a Reply