Կորցնելով «Արմավիան»` կորցնում ենք քաղավիացիան». Դմիտրի Ադբաշյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 10, 2013 15:22

«Արմավիան» Հայաստանի քաղավիացիան է, և եթե մենք կորցնում ենք այն, նշանակում է` կորցնում ենք սեփական քաղավիացիան: Սակայն աբսուրդն այն է, որ այս հարցում որևէ մեղավոր, որևէ պատասխանատու չկա»,- «Անկախի» հետ զրույցում փաստում է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետ, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ադբաշյանը,- կգնաք Բաղդասարովի մոտ, նա կխոսի իր ճշմարտացիության մասին, օդանավակայանը` իր, Քաղավիացիայի գլխավոր վարչությունն էլ կպատմի, թե իրենք ինչքան ճիշտ են»:

Իսկ եթե ունես իրավունք, ապա պետք է կրես նաև պատասխանատվություն: Ըստ Ադբաշյանի` մեզ մոտ այդ կարևորագույն սկզբունքը խախտվում է:

«Արմավիայի» այս վիճակում հայտնվելու պատճառները բազմաթիվ են. Դմիտրի Ադբաշյանի կարծիքով` դրանցից մեկն էլ Արմավիայի գործելակերպն է` կադրային, տեխնիկական, ֆինանսական սխալ քաղաքականությունը, ինչպես նաև երկարաժամկետ լուրջ գործունեության ծրագրի բացակայությունը: Սակայն մեղադրանքի սյունին միայն «Արմավիային» գամելը այնքան էլ ճիշտ չէ. իրենց պատասխանատվության բաժինն ունեն նաև «Զվարթնոց» օդանավակայանը, ՀՀ Ազգային ժողովը և կառավարությունը:

Մասնագետի գնահատմամբ` այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ Հայաստանը քաղավիացիայի ոլորտում լավ մշակված օրենսդրություն չունի: Ավելին, ըստ Ադբաշյանի, Հայաստանը միակ երկիրն է, որն օդային օրենսգիրք չունի:

Նշենք, որ ավիացիոն ոլորտի օրենսդրության վերաբերյալ փորձառու իրավաբաններից մեկն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ գործող օրենքները լիովին բավարարում են ոլորտի կարգավորմանը: Ադբաշյանը կարծում է, որ դա սխալ մոտեցում է: «Քաղավիացիայի մասին» օրենքում կարգավորվում են, ենթադրենք, ուղևորների բեռի վնասման, վնասի փոխհատուցման և այլ խնդիրներ, սակայն ազգային նշանակություն ունեցող զարգացման ծրագրի և դրա իրականացման վերաբերյալ որևէ կետ գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի, թե ով պետք է պատասխանատվություն կրի նման դեպքերում: Չկա նաև քաղավիացիայի զարգացման ծրագիր, որը կհամապատասխանի մեր երկրի շահերին, չկա մի մարմին, որը կմշակի ու կիրականացնի այդ ծրագիրը»:

Ադբաշյանն ասում է, որ բոլոր զարգացած երկրներում ավիացիայի ոլորտում գործում է 3-4 անկախ մարմին, որոնցից մեկը զբաղվում է ավիացիայի զարգացման ծրագրերի մշակման, մյուսը` թռիչքների անվտանգության, երրորդը` օրենսդրական դաշտի կարգավորման,  չորրորդն էլ` այլ հարցերով: «Մեզ մոտ կա ընդամենը մի մարմին, որը և՛ պլանավորում է, և՛ կատարում է, և՛ վերահսկում: Սա մեծ խախտում է»:

Ո՞րն է այս իրավիճակից դուրս գալու ելքը:

Ավիացիոն ոլորտի հին և փորձառու մասնագետը կարծում է, որ նախևառաջ պետք է ընդունել օդային օրենսգիրք, ինչից էլ կբխի ամեն հարց ու պատասխան: Իսկ դրանից առաջ անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի այդ օրենսդրության մշակմամբ, ևս մեկ հանձնաժողով, որը կմշակի Հայաստանի քաղավիացիայի զարգացման ծրագիր, և երրորդ հանձնաժողովը, որը կզբաղվի «Արմավիայի» ներկա խնդիրներով:

Ադբաշյանը կարևորում է նաև ավիացիոն ոլորտում հասարակական սեկտորի ակտիվ ներգրավվածությունն ու վերահսկողությունը: Օդային օրենսգրքում պետք է ամրապնդվի նաև այդ իրավունքը: «ՀԿ-ները պետք է իրավունք ունենային մտնելու «Արմավիա» և հարցնելու, թե որտեղ են փողերը ծախսել, կամ ինչու այդքան փող ծախսեցին: «Սուխոյ սուպերջեթը» բերեցին, որ հետո չօգտագործեն ու պարտքերի տակ ընկնեն: Բացի այդ, ՀԿ-ները պետք է մտնեին օդանավակայան և հարցնեն` ինչի՞ հիման վրա եք սահմանում էսքան բարձր տարիֆներ: Բեյրութում, օրինակ, մի թռիչք-վայրէջքն արժե 380 դոլար, Հայաստանում` 1200 դոլար: Էդ գումարները հետո մեր ժողովրդի գրպաններից են հանում»:

Ավիացիոն ոլորտում այս պահին հասարակական սեկտորի ներգրավվածությունը սահմանափակվում է ՀՀ օդագնացների ազգային ավիացիոն միավորման և ՀՀ Հանրային խորհրդի օդային քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի գործունեությամբ, որը, սակայն, որևէ իրավական ուժ չունի, ընդամենը` խորհրդակցական:

Ադբաշյանը նշում է, որ երկու կառույցում էլ ներգրավված են քաղավիացիայի ոլորտի փորձառու մասնագետներ: «Այդ կառույցները պետք  է օրենքով սահմանված իրավունքներ ունենան: Եթե հիմա, օրինակ, Ազգային ավիացիոն միավորման ներկայացուցիչը գնա քաղավիացիա` որևէ հարցում անելու, նրան անգամ անցագիր չեն գրի, որ ներս մտնի»:

Նշենք, որ մինչ «Արմավիայի» սնանկացումը Հանրային խորհրդում բազմաթիվ քննարկումների ընթացքում ահազանգ էր հնչեցվում այս ամենի վերաբերյալ, բարձրաձայնվում էին ոլորտի խնդիրները, առաջարկներ ներկայացվում կառավարությանը, սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք: Եվ ահա ապրիլի 11-ին Հանրային խորհրդում ևս մեկ լայնածավալ քննարկում կիրականացվի արդեն հետևանքների և քաղավիացիայի հետագա ճակատագրի վերաբերյալ:

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply