Ալիկ Սարգսյան. «Ամեն ոստիկանություն արժանի է իր ժողովրդին»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 14, 2010 16:56

«Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ ոստիկանությունն է,-այսպիսի կարծիք հայտնեց այսօր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ հայտնելով, որ վաղվանից սկսվում է ոստիկանության հիմնադրման 9-ամյակը,- ամեն ոստիկանություն արժանի է իր ժողովրդին և ժողովուրդն էլ՝ իր ոստիկանությանը»:

Նա ասում է, որ ոստիկանին պետք չէ առանձնացնել ժողովրդից, որովհետև նա ժողովրդի բաղկացուցիչ մաս է և նրա անդամը:

Ըստ ոստիկանապետի՝ կառավարության հավանությանն արժանացած՝ ՀՀ Անվտանգության խորհրդի ներկայացրած,  2010-2011թթ. ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կոչված է գլոբալ վերափոխելու համակարգը:

«Ծրագիրը ներառում է 192 միջոցառում, որոնց իրականացմամբ մենք գնում ենք  եվրոպական ընտանիքին ինտեգրման ճանապարհով և կատարում ենք մեր ստանձնած պարտավորությունները,- ասաց Սարգսյանը,- դրանց իրագործումն արդեն սկսվել է և այս պահին դրանից շատերն արդեն գործում են»:

Ոստիկանապետը, իրականցվող միջոցառումներից նշեց հանրային ծառայության մատուցման ոլորտում իրականացվող միջոցառումներ, մասնավորապես, վիզաների, անձնագրերի և ճանապարհային ոստիկանության բնագավառներում: Անդրադառնալով Հայաստանում գունավոր հեղափոխության իրականացման հավանականությանը, ոստիկանության գեներալը բացառեց նման հնարավորություն:

«Ես շատ ցավում եմ, որ Ղրղզստանում նման իրավիճակ եղավ, որ իշխանությունը չկարողացավ տիրապետել իրավիճակին ու հայտնվեց նման խղճուկ իրավիճակում,- ասաց նա,- Հայաստանում դա հնարավոր չէ: Մենք իրավիճակը տիրապետում ենք և ես չեմ տեսնում այնպիսի զանգված, որը կկարողանա նման բան անել»:

Սարգսյանն ասաց, որ գունավոր կամ կենդանակերպի տարբեր նշանների անունը կրող հեղափոխություններն իրականացվում են խոշոր քաղաքականության արդյունքում, երբ մեծ երկրները փորձում են թելադրել իրենց խոսքը տվյալ տարածաշրջանում:

«Նմանատիպ հեղափոխությունները կազմակերպվում, նախապատրաստվում և իրականացվում են դրսի կողմից, իսկ դա հետ է գցում երկրի զարգացումը,- ասաց Սարգսյանը,- ես այսօր Հայաստանում չեմ տեսնում նման քաղաքական ուժ, որը միտք է փայփայում երկրում նմանատիպ իշխանափոխություն անել: Մեր ընդդիմությունն էլ շատ ճիշտ է ընկալում պահը և տեսնում եք, թե ինչ ճիշտ ուղի է ընդունել, որը ես ողջունում եմ: Քաղաքակիրթ ընդդիմություն ունենք»:

Ոստիկանապետը հերքեց մամուլում տարածված այն լուրը, որ իր և ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի միջև լուրջ տարաձայնություն կա: «Մի թյուրիմացություն է եղել՝ կաշառակերության հետ կապված մի գործի քննության հետ,- ասաց նա,- ուղղակի պատահական է ստացվել, երբ ԱԱԾ աշխատակիցը հայտնվել է 6-րդ վարչության աշխատակիցների տեսադաշտում: ԱԱԾ-ի հետ համատեղ միջոցառում ենք կազմակերպել և անձին բերման ենթարկել քննչական վարչություն»:

Դիտվել է 2632 անգամ:
Print Friendly

Leave a Reply