«Չենք վախենում, չենք նահանջում, չենք վաճառվում». Զ. Փոստանջյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 10, 2013 14:31

Ազգային ժողովում «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին:

«Երեկ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, լուծարեցինք մեր կապերը ապօրինի իշխանության հետ, հայտարարեցինք, որ չենք ճանաչում կեղծ ղեկավարներին, հայտարարեցինք, որ չենք հնազանդվելու սուտ օրենքներին, հայտարարեցինք, որ չենք հնազանդվելու անիրավ հրամաններին և լիազորված ենք իրավունքով, պաշտպանված ենք Սահմանադրությամբ: Չենք վախենում, չենք նահանջում, չենք վաճառվում»,-հայտարարեց Փոստանջյանը:

Նա շնորհավորեց իրենց թիմակիցներին, որ զոհեր չունեցան և մեղադրեց ՀՀ նախագահին, որ նա «Բաղրամյան 26-ից հրահանգ տվեց, որ իրենց նկատմամբ կիրառվի բռնի գործողություն»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Փոստանջյանին հորդորեց խոսել քննարկվող հարցի մասին՝ խնդրելով չվիրավորել իշխանություններին: ՀՀԿ-ական պատգամավորները տեղներից սկսեցին աղմկել և մեղադրանքի խոսքեր ուղղել Փոստանջյանին: Հատկապես ակտիվ էր Կարեն Ավագյանը:

Երբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փորձեց ընդհատել Փոստանջյանին՝ հետ, վերջինս հակադարձեց. «Եթե դուք չեք իմանում կապը մարդու իրավունքների հետ, ես դրա համար ցավում եմ: Մենք դեռ իրավական գնահատական չենք տվել մարտի 1-ի դեպքերին, եւ դրան պետք է իրավական գնահատական տրվի: Երեկվա գործողությունները նաեւ այդ գնահատականը չտալու հետեւանքն են»,- ասաց նա:

ԱԺ նախագահը գործընկերներին հորդորեց զինվել համբերությամբ և հանդուրժողականությամբ:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply