Թուրքագետ. «Հայ-թուրքական հարաբերություններում տեսանելի ապագայում բարելավվում տեղի չի ունենա»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 14, 2010 16:15

«Սառը մթնոլորտը, որում անցան հայ-թուրքական վաշինգտոնյան հանդիպումները  և Հայաստանի ու Թուրքիայի առաջնորդների հայտարարությունները հանդիպումից հետո թույլ են տալիս եզրակացնել, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա» ,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Թուրքագետի կարծիքով՝  ԱՄՆ ղեկավարությունը հայ-թուրքական վաշինգտոնյան  հանդիպումը կազմակերպել էր, որպեսզի հերթական անգամ Ապրիլի 24-ին չարտասանի ցեղասպանություն բառը և ունենա արդարացում դրա համար:

Շաքարյանն ասում է, որ Ապրիլի 24-ից հետո հայ-թուրքական հարաբերություններում նորից դադարի ժամանակաշրջան կլինի, եթե հայկական կողմը քայլեր չձեռնարկի:

Շաքարյանն ասում է, որ Թուրքիան հայ-թուրքական գործընթացն ակտիվացնում է միայն Ապրիլի 24-ի նախօրեին, ինչպես անցած տարի և այս տարի, և այն ժամանակ, երբ իրեն դա պետք է. «Անցած տարի Ապրիլի 24-ից հետո երկկողմ հարաբերություններում դադար էր, մինչև օգոստոսի վերջ, երբ ի հայտ եկան արձանագրությունները, որպեսզի Սերժ Սարգսյանը Թուրքիա ժամաներ»:

Շաքարյանն ասում է, որ չնայած հայկական կողմը նախապես արձանագրությունների վավերացման վերջնաժամկետ էր հայտարարել Ապրիլի 24-ը, սակայն «իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ մենք մեր հստակ վերջնագիրը խախտելու ենք»: Թուրքագետի խոսքով՝ վաշինգտոնյան հանդիպումները վկայում են, որ երկկողմ բանակցություններն ընթացքի մեջ են և  եթե հիմա Հայաստանը ետ վերցնի ստորագրությունը արձանագրություններից, կստացվի, որ հայկական կողմն է ձախողում հայ-թուրքական գործընթացը:

Շաքարյանը, սակայն նաև կարծում է, որ երկարաժամկետ առումով հայկական կողմը շահեկան վիճակում է. «Թուրքիան, միևնույն է,  առաջիկա մի քանի ամիսներին չի վավերացնի արձանագրությունները, և Հայաստանը միշտ էլ հնարավերություն կունենա ետ վերցնելու իր ստորագրությունը»:

Մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, թե Ադրբեջանը տարածաշրջանային խաղաղության մի մասն է,  Շաքարյանն ասում է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապելու է Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, «ուստի հայ-թուրքական հարաբերություններում տեսանելի ապագայում բարելավվում տեղի չի ունենա»:

Դիտվել է 3385 անգամ:
Print Friendly

Leave a Reply