Դեսպան Մանուկյանի այցելությունը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 8, 2013 21:22

Ապրիլի 6-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հերթական այցելությունը կատարեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջան: Այցելության ընթացքում դեսպան Մանուկյանին ուղեկցում էր ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ախալցիխեյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հայ բնակչությանն ուղղված խոսքում ՀՀ դեսպանը շնորհավորեց նախորդ կիրակի օրը տոնված Սբ. Հարության տոնի, ինչպես նաեւ ներկա տիկնանց եւ օրիորդներին՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
Դեսպան Մանուկյանի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Ախալքալաքում, ուր Ախալքալաքի եւ Նինոծմինդայի տեղական իշխանությունների հետ համատեղ կազմակերպվեց հանդիպում Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայաբնակ շրջանների հայկական կրթօջախների տնօրենների, ինչպես նաեւ մշակույթի ոլորտի գործիչների հետ:
Դեսպան Մանուկյանն ընդհանուր գծերով ներկայացրեց հայ-վրացական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը՝ հատկապես կարեւորելով երկկողմ հարաբերությունները կրթական եւ մշակութային բնագավառում, խոսեց դրանց հեռանկարների մասին, անդրադարձավ Վրաստանի հայ համայնքի հիմնախնդիրներին:
ՀՀ դեսպանն ընդգծեց վիրահայ համայնքի եւ նրա ներկայացուցիչների ակտիվ եւ արդյունավետ ներգրավումը Վրաստանի հասարակական–քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում, ինչը լրացուցիչ խթան կարող է դառնալ ոչ միայն համայնքային հիմնախնդիրների լուծման, այլեւ հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման եւ խորացման համար:
Հանդիպման ավարտին դեսպան Մանուկյանը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մտավորականության, մշակութային եւ կրթական բնագավառի առավել աչքի ընկած եւ վաստակ ունեցող մի շարք գործիչների պարգեւատրեց Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերով, շնորհակալագրերով եւ հուշանվերներով: Դեսպան Մանուկյանը Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շուրջ ինը տասնյակ հայալեզու կրթական օջախներին փոխանցեց ՀՀ մշակույթի նախարարության տրամադրած հայալեզու գեղարվետական գրքեր եւ այլ գրականություն: Գնահատանքի եւ օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Նույն օրը Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում կայացավ դեսպան Մանուկյանի հանդիպումը շրջանի համայնքային, հոգեւոր եւ մշակութային կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող կանանց հետ: Շնորհավորելով հանդիպման մասնակիցներին Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ՝ ՀՀ դեսպանը կարեւորեց կանանց անփոխարինելի դերը եւ ավանդը կրթական բնագավառում, մատաղ սերնդի դաստիարակության եւ այլ հարցերում:
Նույն օրը երեկոյան Վրաստանում ՀՀ դեսպանը մասնակցեց Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղի նոր վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցու դռնբացեքի արարողությանը:

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply