Սողանք Երևան-Իջևան ավտոճանապարհին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 14, 2010 13:52

Երեկ  ժամը 16.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 110-րդ կմ-ում` Հովք գյուղին հարակից հատվածում, տեղի է ունեցել սողանք:

Ժամը 16.50-ին դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրևի պատճառով ակտիվացել է սողանքը, ճանապարհի ամբողջ լայնությամբ առաջացել են ճաքեր, երթևեկությունը դարձել է միակողմանի և առկա է ավտոճանապարհի` այդ  հատ­վածի փլուզման վտանգ:

ՊԱՏ աշխատակիցների ուժերով տեղում սահմանվել է հերթապահություն: «Իջևանի Ճանշին» ՓԲԸ-ի կողմից տեղադրվել են բետոնե պատնեշներ և ժապավեններով նշագծվել է վտանգավոր հատվածը:

Այսօր գիշերը՝ ժամը 01.10-ին Իջևանի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 117-րդ կմ-ում` Հովք գյուղին հարակից հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Իջևանից և Դիլիջանից մեկական մարտական հաշվարկ, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 02.35-ին դեպքի վայրից հաղորդել են, որ զոհեր և վիրա­վոր­ներ չկան: Մոտ 120 մ երկարությամբ, 150 մ բարձրությամբ սողանքի հետևանքով ձորն է ընկել «ԳԱԶ-3110» մակնիշի 70 ՏՍ 300 պետհամարանիշով ավտոմեքենան: Ականատեսների վկայությամբ` վարորդը և երկու ուղևոր­նե­րը կարողացել են դուրս գալ ավտոմեքենայից և հեռացել են դեպքի վայրից, իսկ ավտոմեքենան հետագայում գետը քշել-տարել է: Մթության և տեղանքի վտանգավորության պատճառով աշխատանքներ հնա­րա­վոր չէ իրականացնել: ՄՓՎ և ՊԱՏ աշխատակիցների ուժերով տեղում սահմանվել է հերթապա­հու­թյուն:

Առավոտյան ժամը 08.00-ից վերսկսվել են հետախուզման աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Դիտվել է 1854 անգամ:
Print Friendly

Leave a Reply