Նախագահն ընդունել է Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 8, 2013 17:42

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին, ով Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով:

Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության նախագահը հանդիպման ընթացքում նրա հետ խոսել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձևավորված համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: Նախագահի համոզմամբ, Դաշինքի հետ հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է հանրային դիվանագիտության ոլորտը, որի շնորհիվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև բարձր մակարդակի շփումները և հաստատված քաղաքական երկխոսությունը ինչպես Դաշինքի, այնպես էլ անդամ-պետությունների հետ, որոնք դրական են անդրադառնում գործընկերային հարաբերությունների զարգացման վրա:

Դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանում:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել Դաշինքի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում և Կոսովոյում Հայաստանի մասնակցության, միջազգային անվտանգության համակարգին մեր երկրի ներդրման համար, միաժամանակ ընդգծելով, որ հաջողությամբ է զարգանում Դաշինքի համագործակցությունը Հայաստանի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին:

Դիտվել է 1443 անգամ:
Print Friendly

Leave a Reply