Հովիկ Աբրահամյանը դատարկ խոսակցություններին չի արձագանքում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 8, 2013 16:51

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէ՝ նախագահի երդմնակալության արարողությանը Լևոն-Տեր Պետրոսյանին հրավիրել են, թե ոչ: Այս մասին այսօր խոհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց խորհրդարանի ղեկավարը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված է, առաջինը՝ ոչ:  Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, Հովիկ Աբրահամյանը ծիծաղելով ասաց. «Դե Րաֆֆին ինքն իրեն համարում է ընտրված նախագահ: Ինքն էլ մեզ չի հրավիրում»:

Նա խորհուրդ տվեց լրագրողներին իրեն ավելի «լուրջ» հարցեր տալ՝ հիշեցնելով, որ մեր երկրում գործում են Սահմանադրություն, օրենքներ, ԿԸՀ-ն կայացրել է իր որոշումն, այն է, որ Սերժ Սարգսյանը վերընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում: «Այլ դատարկ խոսակցությունների չեմ պատասխանում»,- ասաց նա:

Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէ նաև, թե Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է երդմնակալության արարողությանը, թե ոչ. «Ընդհանրապես Գագիկ Ծառուկյանի հետ կապված հարցերով ինչու՞ եք ինձ դիմում»,-զարմացավ նա՝ խորհուրդ տալով այդ հարցով Գալուստ Սահակյանին դիմել:

Ինչ վերաբերում է ԱԺ հատուկ նիստին հրավիրվածների ցանկը գաղտնի պահելուն, ապա նա խոստացավ, որ իր հանձնարարականով շուտով այն կտեղադրվի ԱԺ-ի պաշտոնական կայքում:

Անդրադառնալով Սարգսյան-Հովհաննիսյան երկխոսությանը, նա չբացառեց դրա շարունակականությունը՝ նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանին արված Սերժ Սարգսյանի առաջարկը՝ ղեկավարելու Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովը, ճիշտ քայլ էր: Ինչ վերաբերում է նոր նախագահական և խորհրդարանական ընտրությունների Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջին, ապա նա դա անլուրջ է համարում:

Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի, որի ընթացքում  տեղի կունենա փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանի երդմնակալության արարաղությունը:


Դիտվել է 1633 անգամ:
Print Friendly

Leave a Reply