Խորհրդարանում բարձրացվեց «Կարֆուրի», «Արմավիայի» և շաքարավազի բիզնեսի հարցը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | April 8, 2013 14:47

Այսօր մեկնարկեց Աժ հերթական քառօրյան: Մինչ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կներկայացներ Հանձնաժողովի 2013 թվականի գործունեության ծրագիրը, նրան մի շարք հարցեր ուղղեցին ֆրանսիական «Կարֆուր» ընկերության, շաքարավազի բիզնեսի, «Արմավիայ»-ի սնանկացման հետևանքով որոշ ընկերության կողմից տոմսերի գների բարձրացման և այլ հարցերի վերաբերյալ:

Շաբոյանի խոսքով`«Կարֆուր»-ի հետ կապված խնդրին իրենք տեղյակ են այնքանով, որքանով այն շրջանառվում է մամուլում. «Ես բազմիցս հրապարակային հայտարարել եմ լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերի միջոցով, որ «Կարֆուր»-ի ներկայացուցիչներին հրավիրում ենք Հանձնաժողով հարցի մանրամասն քննարկման: Մինչ օրս որևէ արձագանք ընկերության կողմից չի եղել»,-ասաց նա:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին զարմացրեց Շաբոյանի հայտարարությունը. «Ձեր գործելակերպն արդյունավետության առումով կասկածի տեղիք է տալիս: Ի՞նչ է նշանակում` ասուլիս ենք արել, հրավիրել ենք քննարկման: Իսկ ինչո՞ւ ինքներդ չեք դիմել «Կարֆուր»-ին էլեկտրոնային փոստով, նրանց «Թվիթթերի»-ի էջով և այլն»:

Շաբոյանը կրկնեց, որ Հանձնաժողովը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է քննարկման, որպեսզի պարզաբանվեն խնդիրները, և առարկայական ուսումնասիրություններ իրականացվեն: «Իսկ թե դուք ունեք ռեալ հնարավորություն «Կարֆուր»-ի հետ կապվելու, խնդրում եմ կապնվեք, մենք էլ ընկերության ներկայացուցիչներին ու Ձեզ կհրավիրենք քննարկման»,-խորհուրդ տվեց Փաշինյանին:

Փաշինյանը հետաքրքրվեց նաև շաքարավազի բիզնեսով` նշելով, որ Հանձնաժողովի հաշվետվության մեջ նշված է, որ Հայաստանում շաքարավազի շուկան 99 տոկոսով զբաղեցնում է 1 ընկերություն: «Կարո՞ղ եք բացատրություն տալ այս երևույթին»,-հարցրեց նա:

«Մեր երկրում մենաշնրոհներ չկան, կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ»,-հայտարարեց Շաբոյանը:

Սակայն նրան չի անհանգստացնում գերիշխող դիրք ունենալու հանգամանքը, քանի որ, ըստ նրա, դա ողջ աշխարհում օրենքով ամրագրված երևույթ է. «Խնդիրը գերիշխող դիրքի չարաշահումն է, և մենք չպետք է թույլ տանք, որ չարաշահումներ տեղի ունենան»,-ասաց նա:

Շաբոյանի խոսքով` իրենց ուսումնասիրությունները վկայում են, որ շաքարավազի գինը մեր երկրում հնարավոր նվազագույն մակարդակի վրա է:

Փաշինյանը սենսացիոն տեղեկություն համարեց Հանձնաժողովի հաշվետվության մեջ նշված փաստը, որ շաքարավաի բիզնեսում կան ևս 5 ընկերություններ: Նա խնդրեց հրապարակել այդ ընկերությունների ցանկը և թե որը որքան տոկոս է զբաղեցնում շուկայում:

Շաբոյանը պարզաբանեց, որ այդ ընկերությունների կշիռը շատ փոքր է: Դրանք են, օրինակ «Գրանդ Քենդին» ու «Կոկա-Կոլան»:

Իսկ թե ինչո՞ւ է այդ ոլորտում խոշոր բաժին զբաղեցնում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունը, ապա Շաբոյանը դրա տրամաբանական բացատրությունը նույնպես ունի. «Այդ ընկերությունը մեր երկրում շաքարավազի արտադրությամբ է զբաղվում` հումքը ներկրելով, ինչի համար մեծ ծավալի ներդրումներ է իրականացնել: Այն առաջարկը, որ ներկայացնում է տվյալ ընկերությունը, մեր երկրում շատ ավելին է, քան պահանջարկը: Ավելին, դրա մի մասն էլ արտահանվում է: Այսինքն, նման սահմանափակ պահանջարկի պայմաններում չեմ կարծում, թե գտնվի մի ընկերություն, որ մեծ ներդրումներ կիրականացնի և կկարողանա հաջողությամբ իրացնել»:

Շաբոյանը նաև հիշեցրեց, որ իրենց համար բացարձակապես կարևոր չէ, թե ով է սեփականատերը և ինչ կարգավիճակ ունի: Իսկ եթե կան գերիշխող դիրքի չարաշահման հստակ փաստեր, ապա նա խորհուրդ տվեց փաստորով հադերձ դիմել իրենց:

Փաշինյանը բարձրացրեց նաև «Արմավիա» ընկերության սնանկացումից անմիջապես հետո  որոշ ընկերություններ` մասնավորապես ռուսական «Աերոֆլոտ» ընկերության կողմից տոմսերի գների բարձրացման հարցը` հետաքրքրվելով, թե արդյո՞ք հանձնաժողովն անդրադարձել է այդ խնդրին:

Շաբոյանը հավաստիացրեց, որ հենց այսօր առավոտյան հանձնարարել է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել: Ավելին, Հանձնաժողովը Համաշխարհային բանկի հետ միասին ուսումնասիրություններ է իրականացնում ավիացիայի բնագավառում մրցակցության խնդիրների վերաբերյալ, որպեսզի դրանք ներկայացնի կառավարությանը:

Ի դեպ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նույնպես փաստեց, որ «Աերոֆլոտի» տոմսերն այս պահին կրկնակի թանկ են և հորդորեց Շաբոյանին իրենց լիազորությունների շրջանակում զբաղվել այդ հարցով:

Դիտվել է 2108 անգամ:
Print Friendly

Leave a Reply