«Երիտասարդական պալատի» շինաղբի ժամկետանց գործի վարույթը կարճվեց

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | April 8, 2013 12:22

«Երիտասարդական պալատի» տարածքում իրականացվող շինարարության աղբը՝ տեղափոխելու, Երևան-Սևան ավտոմայրուղու 5-րդ հատվածի ձախակողմյան հարակից ձորը լցնելու և արդյունքում «Երևան-Ջուր» ՓԲ ընկերությանը նյութական վնաս պատճառելու քրեական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Վ. Ստեփանյանի նախագահությամբ, դադարեցրել է նաև գործով ամբաստանյալ, «Ավանգարդ-Մոթորս» ՍՊ ընկերության շինարարության բաժնի պետ Արմեն Դավթյանի քրեական հետապնդումը` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Արմեն Դավթյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է:

Դատարանն այս որոշումն ընդունել է դատախազ Ա. Վարդանյանի միջնորդության հիման վրա՝ քրեական գործով դատաքննությունն ավարտելուց հետո` նախքան դատական վիճաբանություններին անցնելը, մեղադրանքը պաշտպանող դատախազը միջնորդել էր քրեական գործի վարույթը կարճել` ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

Նախաքննության մարմնի 2012թ. ապրիլի 19-ի որոշմամբ Արմեն Դավթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով՝ խոշոր չափերի վնաս պատճառելով՝ գույքը անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը: Դատաքննության ընթացքում մեղադրանքը պաշտպանող դատախազ Ա. Վարդանյանը որոշում էր կայացրել ամբաստանյալ Ա. Դավթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան նոր` ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, մեղադրանք առաջադրելու մասին:

Ըստ մեղադրանքի՝ «Ավանգարդ-Մոթորս» ՍՊ ընկերության շինարարության բաժնի պետ Ա.Դավթյանը, ղեկավարելով Երևանի նախկին «Երիտասարդական պալատի» տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները, այնտեղից և նոր կառուցվող շենքի հիմնահորից հանված շինարարական աղբը` քարը, բետոնը, հողը և այլ ժայռաբեկորները, առանց համապատասխան թույլտվության, չունենալով անգամ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի և ՀՀ բնապահպանության Կոտայքի տարածքային տեսչության համաձայնությունը, չպարզելով Երևան-Սևան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածի ձախակողմյան հարակից ձորի պատկանելիությունը, ինչպես նաև այդ տարածքով անցնող կոմունիկացիոն համակարգերի առկայությունը, հրահանգել է ընկերության վարորդներին վերը նշված աղբը տեղափոխելու և այնտեղ լցնելու համար: 2010թ. օգոստոսից նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ընկերության ավտոմեքենաներով նշված տարածք են տեղափոխել և լցրել շինարարական աղբը, ինչի հետևանքով վնասվել է այդ տարածքով անցնող խմելու ջրի` Արզական-Երևան ջրատարի 820 մմ տրամաչափի մետաղական խողովակաշարը, որի արդյունքում «Երևան-Ջուր» ՓԲ ընկերությանը պատճառվել է 5.730.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Ամբաստանյալ Ա. Դավթյանը գործի վարույթը կարճելու միջնորդության վերաբերյալ կարծիք է հայտնել, որ, թեև իրեն մեղավոր չի ճանաչում, որևէ հանցանք չի գործել, սակայն չի առարկում, համաձայն է, որպեսզի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարճվի և իրեն ազատեն քրեական պատասխանատվությունից:

Տուժողը՝ քաղաքացիական հայցվորի ներկայացուցիչ Ս. Այխանյանը, ներկայացված միջնորդության դեմ չի առարկել և միաժամանակ խնդրել է ամբաստանյալ Ա. Դավթյանի գույքի վրա դրված կալանքը պահպանել քրեական գործով վարույթի ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրության հիման վրա դատարանը հանգել է այն հետևության, որ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով Ա. Դավթյանի հանցանքն ավարտված է համարվում 2010թ. նոյեմբեր ամսին, իսկ 2012թ. նոյեմբեր ամսվա դրությամբ նրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չկա, հետևաբար ամբաստանյալ Ա. Դավթյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցել է: Ընդ որում, սույն գործով վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված չի եղել, Ա. Դավթյանը քննությունից կամ դատից չի խուսափել: Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:

Ամբաստանյալ Ա. Դավթյանին պատկանող շարժական գույքի /տրանսպորտային միջոցների/ և անշարժ գույքի վրա դրված կալանքի հարցի վերաբերյալ դատարանը գտել է, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասի, շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը պետք է պահպանել որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

Քաղաքացիական հայցվորի ներկայացուցիչ Ս. Այխանյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը դատարանը թողել է առանց քննության: Քրեական գործով վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման կարգը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածով, այդ հոդվածի համաձայն` գործով վարույթը կարճելու հետ մեկտեղ քաղաքացիական հայցը լուծելու հնարավորություն նախատեսված չէ:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 1636 անգամ:
Print Friendly

Leave a Reply