Արմավիրի մարզում փոխվարչապետը ծանոթացավ հակահեղեղային միջոցառումների ընթացքին
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 6, 2013 18:32ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզում իրականացվող հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքների ընթացքին:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, պատասխանտու այլ անձանց ուղեկցությամբ փոխվարչապետը Արաքսի ափապաշտպան կառուցների ամրացման աշխատանքներին ծանոթացավ Փշատավան համայնքի տարածքում: Զեկուցվեց, որ նախատեսված աշխատանքների մեծ մասը` մոտ 90 տոկոսը, կատարված է, եւ դրանք ամբողջությամբ կավարտվեն ընթացիկ ամսվա կեսերին:
Մարզի Ակնաշեն համայնքի տարածքում առաջիկա շաբաթների ընթացքում կավարտվեն Մեծամոր գետի ափերի ամրացման աշխատանքները: Այստեղ եւս փոխվարչապետը ծանոթացավ իրականացվող միջոցառումներին: Զեկուցվեց նաեւ մարզի Մյասնիկյան եւ Խանջյան համայնքների տարածքներում հեղեղատարերի հուների մաքրման եւ ափերի ամրացման աշխատանքերի ընթացքի մասին: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց աշխատանքներն իրականացնել որակով եւ հնարավորինս սեղմ ժամկետներում` ափամերձ տարածքները հեղեղումների հնարավոր վտանգից պաշտպանելու համար:
Նշենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 28-ի 171 – Ն որոշմամբ հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 679 մլն դրամ` հանրապետության մարզերի 14 օբյեկտներում աշխատանքների իրականացման համար:






Facebook
Tweet This
Email This Post
