Մեկնարկեց Businessgame-ը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 6, 2013 22:31

Ապրիլի 6-ին Tom Collins PUB-ում մեկնարկեց Businessgame նորարարական-ինտերակտիվ երիտասարդական խաղը: Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Մերքեթինգի (շուկայագիտության) հայկական ակումբ» ՀԿ-ն։ Businessgame-ը բիզնես գործունեության սիմուլյատոր է. բանկի տոկոսները, ապրանքների գները և այլ թվային ցուցանիշներ գործակիցներով համապատասխանում են ՀՀ շուկայում առկա թվերին: Բիզնես խաղի առաջին ծրագիրը նվիրված է ՀՀ ձկնաբուծության ոլորտին։
Ինչպես նշեց Մերքեթինգի հայկական ակումբի նախագահ Տարոն Պարսամյանը, Businessgame անցկացնելու գաղափարը վաղուց կար, սակայն ժամանակ էր պետք այն նախապատրաստելու համար, քանի որ ՀՀ տնտեսության ճյուղերից մեկի սիմուլյատորը ստանալը բավականին բարդ գործընթաց էր. հարկավոր էր հաշվարկել տարբեր գործակիցներ։ Ըստ Տարոն Պարսամյանի՝ այս ծրագրում յուրաքանչյուր մասնակից հանդես է գալիս պայմանական գործարարի դերում։ Եվ խաղի ընթացքում մասնակիցներն ունեցած կապիտալով կարող են զարգանալ կամ տապալել աշխատանքները։ Մերքեթինգի հայկական ակումբի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ խաղն ունենալու է շարունակական բնույթ, անդրադառնալու են նաև տնտեսության այլ ճյուղերի։ Բացի այդ, ծրագրեր կան այս խաղը ստանալ էլեկտրոնային վեբ կայքի ձևաչափով։
Ծրագրի ղեկավարներ Աննա Ալոյանն ու Անուշ Խաչատրյանն էլ նշեցին, որ իրենց հիմնական նպատակն ուսանողների տեսական գիտելիքները գործնականում դրսևորելու հնարավորության ընձեռումն է։ Խաղի միջոցով երիտասարդների համար ավելի պատկերավոր կդառնան բիզնես գործընթացները։
Ծրագրին մասնակցում են մարքեթինգ, գովազդ, բիզնես, PR կամ այլ նման մասնագիտություններ ունեցող բուհերի ուսանողները:
Businessgame-ի ամենահաջողակ 3 գործարարները կստանան գումարային պարգևներ և արժեքավոր մրցանակներ (1-ին տեղ` 100000 դրամ, 2-րդ տեղ` 50000 դրամ, 3-րդ տեղ` 25000 դրամ):

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply