Սարգիս Գրիգորյանը վերընտրվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 6, 2013 21:13

Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդույթան հարցերի նախարարության նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր համաժողովը:

2011-2012-ին կատարված աշխատանքի մասին հաշվետվությամբ հանդես  եկավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը: Նշվեց, որ անցած ժամանակամիջոցում Հայաստանի տարբեր տարիքի հավաքանները պարբերաբար մասնակցել են Եվրոպական ստուգատեսների: Կազմակերվել են մեր երկրի տարբեր տարիքային խմբերի առաջնություններ, որոնց մասնակցել են Երևանի, Հայաստանի մարզերի, Արցախի թիմերը: Փաստը խոսուն է և վկայում է այն մասին, որ  մարզաձևի տարածման աշխարհագրությունն ընդլայնվում է: Դրան մեծապես նպաստել է այն, որ Եվրոպայի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ իրականացվող «Սմարթ» ծրագրով հանդբոլին բարեկամանալու հնարավորություն են ստանում  մի շարք հանրակրթական դպրոցների սովորողներ: Փաստորեն, լուծվում է մարզագույքի հարցը, իսկ դպրոցների ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները, ստանձնելով հանդբոլի մարզիչների դերը, նաև վարձատրվում են: Հայտնվեց, որ «Սմարթ» ծրագրով առաջիկայում խմբեր են բացվելու նաև Արցախի դպրոցներում: Դրվատանքի խոսքեր ուղղվեցին Արցախի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, Լոռու հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, Կոտայքի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, Կոտայքի փոխմարզպետ Վալերի Բակլաչյանի, Սյունիքի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ, Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցի հասցեին:

Բանախոսը նշեց, որ թեև պետությունից տարեկան աջակցության կարգով կազմակերպությանը 18 մլն դրամ է հատկացվում, սակայն դա բավարար չէ,  մարզաձևի կարիքները հոգալու, այն զարգացնելու համար, առավելևս, որ աշխարհում ամեն բան թանկացել է, ինքնաթիռների ուղևորավարձը բարձրացել է: Ընդ որում, ֆինասների մեծ մասը փոխադրամիջոցներին է տրամադրվում: Մինչդեռ, պետությունից աջակցության կարգով հատկացվող ֆինանսավորման չափը չի ավելանում: Գրիգորյանը հայտնեց, որ, փակուղում չհայտվելու համար, դիմել են հովանավորների օգնությանը: Կազմակերպությանն այս առումով մեծ աջակցություն են ցույց տալիս Երևանի քաղաքապետարանը և «ՀայՌուսգազարդը»:

Հայտնվեց, որ, չնայած տնտեսական դժվարություններին, այս տարի կրկին անցկացվելու է «Վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարը:

Ստուգատեոսի կազմակերպումը հետաքրքրություն է առաջացրել, ճանաչում ստացել և արտասահմանյան մի շարք երկրներ ցանկանում են պատվիրակներ ուղարկել:

Նշվեց, որ ցանկալի է Հայաստանում պրոֆեսիոնալ բարձրակարգ հանդբոլ ունենալ: Տարբերակ  համարվեց, որ խաղային մարզաձևերի ֆեդերացիաները միասնական ուժերով  հզոր հովանավորներ ի հայտ բերեն և ակումբներ ստեղծվեն, որոնք էլ մեր երկիրը հաջողությամբ կներկայացնեն ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, հանդբոլի միջազգային խոշորմասշտաբ ստուգատեսներում: Տարբեր մարզաձևերի ֆեդերացիների աշխատանքի այսօրնակ համագործակցումը կարող է մեծապես օգտակար լինել բոլորի համար: Եվրոպական երկրների հայտնի ակումբներում տարբեր մարզաձևերի ուժեղ թիմեր կան, և փորձը ցույց է տալիս, որ այն ընդօրինակման արժանի է:

Խոսվեց նաև միջազգային չափանիշներին հապատասխանող մարզասրահների բացակայության, այն մասին, որ Հայաստանի հավաքական թիմերը, խոշորամասշտաբ ստուգատեսների նախապատրաստվելիս, այս առումով դժվարությունների են համնդիպում: Այդ է պատճառը, որ  ժամանակակից խաղահրապարակ ունենալու հարցը դարձել է հրատապ է և այդ ողղությամբ որոշակի քայլեր են կատարվում: Ընդ որում, 100 հազար եվրոյից թանկ արժեցող մանրահատակը խոստացել է տրամադրել Հանդբոլի միջազգայի ֆեդերացիայի ղեկավարությունը:

Անդրադարձ եղավ  նաև առաջնահերթ մի շարք խնդիրներին, դրանց լուծումներին:

Ելույթներ ունեցան և գործնական առաջարկներ կատարեցին Արցախի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը, Սյունիքի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Արա Դոլոնցը, Ֆիզիակական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը, Համահայական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը, Հայաստանի  սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:

Ընտրվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության նոր կազմ: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Սարգիս Գիգորյանը:

Դիտվել է 1083 անգամ:
Print Friendly

Leave a Reply