ԿԲ-ն կրկին բարձրացրեց ռեպո տոկոսադրույքը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2010 16:45

ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.0%:

2010 թ. մարտին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.6 տոկոսային կետով` կազմելով 8.8%:

Խորհուրդը փաստեց, որ համաշխարհային տնտեսության վերականգնման դրական միտումների և հակաճգնաժամային միջոցառումների ներքո իրականացված ընդլայնողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների պայմաններում տնտեսական աճի տեմպերը գերազանցում են կանխատեսված ցուցանիշը: Արդյունքում, ներկա գնաճային միջավայրը ձևավորվել է հիմնականում վերոնշյալ գործոնների ազդեցության ներքո, ինչը համապատասխանում է ԿԲ-ի կողմից նախանշված ուղղություններին:

Խորհուրդը գնահատում է, որ ձևավորված մակրոտնտեսական միջավայրի և ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների թանկացման պայմաններում կանխատեսվող հորիզոնում գնաճային միջավայրը դեռևս կպահպանվի, թեև 12-ամսյա գնաճի նվազման արձանագրված միտումները կշարունակվեն:

Հաշվի առնելով վերոնշյալը, Խորհուրդը շարունակում է կարևորել գնաճի սպասվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացումը` ուղղված դրական իրական տոկոսադրույքների ձևավորմանը: Վերջինս, Կառավարության կողմից հակագնաճային միջոցառումների իրականացման հետ զուգահեռ, իրատեսական նախադրյալներ կստեղծի գնաճը նպատակային միջակայք վերադարձնելու համար:

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply