Անօթևան բազմանդամ ընտանիքները բնակարաններ ստանալուց հետո էլ շարունակում են բնակվել տնակներում,տեսանյութ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 6, 2013 12:51

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության 1999 թվականի համար 432 որոշմամբ սահմանված կարգի համաձայն` տրամադրվում է ճիշտ այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժի հետևանքով, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտանիքի անդամների թիվը պակասել է: Այդ դեպքում պակասեցվում է նաև սենյակների թիվը: Իսկ ահա ընտանիքի անդամների թվի ավելացման դեպքում սենյակների թվի ավելացում չի կատարվում: Բնակարանների բաշխման նման մոտեցմամբ կարելի է ասել, որ աղետի գոտու, նամանավանդ Գյումրու անօթևանության խնդիրը չի լուծվի:

«Շիրակ կենտրոնի» դիտարկումներով, բնակբաշխման նախորդ գործընթացների ժամանակ նույնիսկ տասը և ավելի անձից բաղկացած ընտանիքներին հատկացվել են 1 կամ 2-սենյականոց բնակարաններ: Եվ սա այն դեպքում, երբ այդ բազմանդամ ընտանիքները երբեմն բաղկացած են եղել մի քանի ընտանիքներից: Այդ իսկ պատճառով բազմանդամ շատ ընտանիքներ, ստանալով նոր բնակարանները, չեն կարողանում համաձայնության գալ դրա պատկանելիության շուրջ. կամ հրաժարվում են այդ բնակարաններից, կամ լավագույն դեպքում դրանք վաճառում, գումարը բաժանում են ընտանիքների ներսում ձևավորված ընտանիքների միջև, ապա այդ գումարներով կամ արտագաղթում են Գյումրիից, կամ լավագույն դեպքում կարողանում են գնել ընդամենը վագոն-տնակներ: Իսկ բնակարանները ստացած, սակայն տարաբնույթ պատճառներով դրանք վաճառած և տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով ապահովման որևէ պարտավորություն պետությունը չունի : Անհայտ է, թե նրանք երբևէ բնակարան կունենա՞ն, առավել ևս եթե նկատի ունենանք, որ Գյումրիում զանգվածային գործազրկություն է:
Նման վիճակում է հայտնվել նաև «Շիրակ կենտրոնի» այս տեսանյութում ներկայացվող Նալբանդյանների բազմանդամ ընտանիքը: Տնակներում ապրողներին որևէ սոցիալական արտոնություն նախատեսված չէ, և շատ դեպքերում նրանց մանկահասակ երեխաները չեն կարողանում հաճախել նույնիսկ նախակրթարաններ, քանի որ Գյումրիում, ի տարբերություն մայրաքաղաքի, դրանք վճարովի են:

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply