Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է 2013 թվականի համայնքային բյուջեով նախատեսված աշխատանքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 5, 2013 17:34

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է 2013 թ համայնքային բյուջեով մայրաքաղաքում նախատեսված ծրագրերը, որոնցում ամենա մեծ բաղադրիչն, ըստ նրա, բաժին է ընկել  գլխավոր ու երկրորդական ճանապարհների , բակերի ու պուրակների բարեկարգմանը: Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվելու են 2.5 մլն. քռ.մ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ: Ըստ այդմ, կհիմնանորոգվի 30 փողոց՝ ներառյալ մայթերի բարեկարգումն ու եզրաքարերի փոխարինումը: Զուգահեռաբար ընթացիկ նորոգման կենթարկվի 300 փողոց: Այս, ինչպես նաև բակերի ասֆալտապատման ծրագիրը՝ 500000 քռ.մ ծավալով, արդեն մեկնարկել է: Ասֆալտբետոնե ծածկով կփոխարինվի հողային պաստառով 25 ճանապարհահատված: Այս տարի մայրաքաղաքում կավելանա ևս 2 խոշոր ճանապարհաշինական հանգույց`Իսակովի պողոտայից -Լենինգրադյան փողոց, և Ուլնեցի  փողոցից- Ռուբինյանց փողոց ուղղություններով: Այս տարի Երևանը կունենա ևս 8 վերգետնյա անցում: Մայրաքաղաքում կարևորագույն սոցիալական խնդիր է 4 –րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելը: Գույքագրված 10 շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը ներառված է կառավարության միջնաժամկետ ծրագրում: Դրանցից երկուսն, ի դեպ, ընդհանուր թվով 226 բնակարանով, այս տարի շահագործման կհանձնվեն քաղաքապետարանի  ծրագրերով` Մարգարյան 37 և Սիսակյան 22 հասցեներում: Մեկնարկել են  Ազնավուրի և Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից հրապարակների  սալիկապատման աշխատանքները: Կյանքի կկոչվեն  նաև մայթերի բարեկարգման 2 տարբեր ծրագրեր: Ի լրումն նախորդ տարվա ծրագրի, վարչական շրջաններում կարգի կբերվեն 18 խոշոր հենապատեր: Կամո Արեյան հատկանշել է, որ  այս տարի ևս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքաշինական ծրագրերում հաշվի կառնվեն հենաշարժողական համակարգի խնդիրներ  ունեցող քաղաքացիների պահանջները: Առաջին անգամ համայնքային բյուջեից 20 մլն. դրամ է հատկացվել շուրջ 200 թեքահարթակների կառուցման համար: Միջոցներ են հատկացվել նաև 40 շենքերի կախովի պատշգամբների նորոգման, շքամուտքերի բարեկարգման, ինչպես նաև շենքերի ներկման ու կարգաբարեկարգման ծրագիրը: Իսկ կամարանցումների նորոգման ու նկարազարդման գործընթացը արդեն մեկնարկել է:

Կամո Արեյանը  հատկանշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի վճռական դիրքորոշումը ոռոգման ցացերի և կանաչապատ տարածքների ավելացման վերաբերյալ: Այս տարի մայրաքաղաքում ոռոգման ցանցը կերկարի ևս 20 կմ: 1.5 հեկտարով կավելանան ծաղկապատ տարածքները, 12 հեկտարով` սիզամարգերը: Զուգահեռաբար կշարունակվի «Փարոս» ռեստորանի հարակից բլրի ոռոգման ցանցի ձևավորումը: Այդ ուղղությամ աշխատանքներն արդեն ավարտված են Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքում: Քաղաքապետի տեղակալի հավաստմամբ , գրեթե միաժամանակ, երկու հատվածներում էլ կմեկնարկի անտառաշերտի վերականգնման ծրագիրը: Մայրաքաղաք են ներկրվել շուրջ 5000 գնդաձև ակացիաներ, որոնք,  քաղաքային տնկարանում աճեցված այլ դեկորատիվ ծառերի հետ միասին, մայրաքաղաքի փողոցներում ու բակերում  կտնկվեն  առաջիկա ծառատունկի ժամանակ:

Կամո Արեյանը հատուկ անդրադարձել է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագրին, նշելով, որ այն մշտապես Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում է և 2013 թվականին կիրականացվի ավելի մեծ ծավալներով: Մայրաքաղաքում կբարեկարգվի և նոր տեսք կստանա    հանգստի ևս 5 խոշոր գոտի, անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով ու ենթակառուցվածքներով: Մինչև օգոստոսի 1-ը մայրաքաղաքում կավարտվի թվով 27 մանկապարտեզների վերանորոգման ծրագիրը: Համայնքային բյուջեի միջոցներով ավարտին կհասցվի նաև 16 գրադարանների, 6 երաժշտական ու արվեստի դպրոցների,մշակույթի կենտրոնների և 2 թանգարանների ջեռուցման ծրագիրը: Այսպիսով, քաղաքապետարանի ենթակայության մշակութային հաստատություններում նույնպես ջեռուցման խնդիրն ի սպառ կվերանա :  Հուրախություն պատանի երևանցիների՝ մինի ֆուտբոլի դաշտերի թիվն էլ այս տարի Երևանում  կավելանա ևս 18-ով: Ամփոփելով, Կամո Արեյանը նշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից խնդիր է դրված քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ուղղություններով գերազանցել նախորդ տարվա ցուցանիշները:

 

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply