ՀՀ վարչապետն աշխատանքային այցով գտնվում է Լոռու մարզում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2010 14:00

Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ` Սանահին վանական համալիր և Ալավերդի։

Վարչապետի առաջին կանգառը եղել է Սանահին վանքում, որը ներկայումս անմխիթար, վթարային վիճակում է։

Սանահինի վանքը 2000 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային արժեքների» ցանկում, որտեղ ընդգրկված են նաև Գեղարդի, Հաղպատի վանքերը և Էջմիածնի համալիրը (Մայր Տաճարը, սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ եկեղեցիներն ու Զվարթնոց տաճարը)։ Վարչապետին ներկայացվել են վանական համալիրի ներկա վիճակը և առկա խնդիրները։

Տիգրան Սարգսյանը եղել է նաև Միկոյան եղբայրների տուն-թանգարանում և Ա. Միկոյանի անվան դպրոցում։ Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրներն ուշագրավ դեր ունեն ժամանակակից պատ¬մության մեջ։ 2010 թ. լրանում է Անաստաս Միկոյանի ծննդյան 115 և Արտեմ Միկոյանի ծննդյան 105-ամյակը։ Վարչապետն ու նրան ուղեկցող անձինք շրջել են թանգարանում և ծանոթացել ցուցադրությանը։

Ա. Միկոյանի անվան դպրոցում վարչապետը հանդիպել է մանկավարժական կոլեկտիվի և աշակերտների հետ։ Դպրոցում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` Սանահինի վանքի վերականգնման խնդրի վերաբերյալ։ Կառավարության ղեկավարը նշել է, որ Սանահինի վերականգնման համար անհրաժեշտ է համալիր ծրագիր։ Նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որի անդամները պետք է լինեն պետական համապատասխան գերատեսչություների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ ու մասնագետներ։ Հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի եկեղեցական համալիրի վերականգնման հարցը և եզրակացություն կներկայացնի վարչապետին։

Տիգրան Սարգսյանին ներկայացվել են նաև Սանահին գյուղական համայնքի խնդիրները։ Վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին։ Կառավարության ղեկավարը համակարգիչ է նվիրել դպրոցին։

Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Ալավերդի։

Լոռու մարզի Ալավերդի ու Սանահին համայնքներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ում։ Մասնավոր այս ձեռնարկության հիմնական գործունեությունը պղնձի խտանյութի վերամշակման արդյունքում անզուտ պղնձի արտադրությունն է։

Գործարանում վարչապետն աշխատանքային քննարկում է անցկացրել տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ։ Քննարկվել են կառավարության միջոցառումները, իրականացվող բարեփոխումները, ներդրումային միջավայրի բարելավման խնդիրները։

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամների ու «Արմենիան Քափըր Փրոգրամի» ղեկավարների հետ շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական հնարավորություններին։

Լոռու մարզ կատարած այցի ավարտին վարչապետը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։

Դիտվել է 1956 անգամ:
Print Friendly

Leave a Reply