Վիոլետ Գրիգորյանը չի ներում Մարինե Պետրոսյանին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 4, 2013 23:36

http://www.tert.am/blog/ կայքում գրող Վիոլետ Գրիգորյանը մեկնաբանել է Մարինե Պետրոսյանի վերջին քաղաքական ու գրողական էթիկային վերաբերող քայլերը, ներողությունը և երկար մեկնաբանությունից հետո գրել, որ, հարգելով Մարինե Պետրոսյանին, այուամենայնիվ չի ներում նրան:
«Մարինե Պետրոսյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ սխալվել է ՀԱԿ-ից դուրս գալով և ուզում է վերադառնալ: Մեր քաղաքական իրականության մեջ, իհարկե, Մարինեի հայտարարությունը առանձնապես ոչ մի նշանակություն չունի, Մարինեն ոչ Գագիկ Ծառուկյանն է, ոչ էլ` գեներալ Մանվելը, որոնց աջակցությանն էր ու է ձգտում ՀԱԿ-ը: Մարինեի վերադիրքորոշվելու անձնական շարժառիթներն էլ իր անձնական գործն են, ինձ հետաքրքրողը միջանձնայինն է: Քաղաքական առումով ես միայն կարող եմ մաղթել Մարինեին, որ այս անգամ ավելի հստակ մասնակցություն ունենա, այսինքն` ՀԱԿ համակիր ներկայանալու փոխարեն, ինչպես վերնագրել է իր հայտարարությունը, կարողանա հրաժարվել ամենայն հայոցի հարթակից, «ազատ» գրող-հրապարակախոսի անպատասխանատու, լղոզած դիրքից ինչ-որ կուսակցության քաղաքականությունը ներկայացնել և ուղղակի մտնի ՀԱԿ կուսակցություն` ճշտելով դիրքը, որտեղից խոսում է, ու հանձնառելով պատասխանատվություն իր քաղաքական գործունեության համար, ինչպես արել են իր պես արվեստագետ իր որոշ ընկերները: Քաղաքականի մասին առայժմ այսքանը, իսկ ահա մարդկային ու գրողական էթիկայի առումով շարունակեմ: Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան մի գրառմանս տակ Մարինեն գրեց, որ ինքը միշտ պաշտպանում է բոլոր նրանց, ում խփում են «գոտկատեղից ներքև», հատկապես կանանց, անգամ եթե նրանց քաղաքական դիրքորոշումը լրիվ անընդունելի լինի իր համար, ու նաև տղամարդկանց, օրինակ` Տիգրան Ուրիխանյանին, որ իր համար ամենահակակրելի մարդկանցից  է, երբ որ նրան «խփել էին գոտկատեղից ներքև` դեմոտիվատորի միջոցով»: Ես զարմանք հայտնեցի, թե չեմ տեսել, որ պաշտպանի Շուշան Պետրոսյանին, երբ նրա գիրությունն են ծաղրում… քաղաքական պատճառներով (ենթադրում եմ, որ Շուշանն ավելի հակակրելի չի իր համար, քան Ուրիխանյանը, եթե, իհարկե, ՀԱԿ համակիր լինելը չի նշանակում, որ բարգավաճցին էլ է համակրելի դառնում), իսկ տղամարդ պաշտոնյաներին կնոջ ծիծիկներով նկարող ՀԱԿ ֆեյսբուքյան «ծաղրանկարչի» էդ կարգի նկարների դեմ էլ ոչ միայն չի ընդվզում, այլ հեղինակի հետ ֆբ-յան ընկերություն է անում: Ու Մարինեն նեղացած բազմակետեր շարեց: Հիմա ես չգիտեմ` Մարինեի բազմակետերի՞ն հավատամ, թե՞ բանաստեղծությանը, որ գրեց այն օրերին, երբ ՀԱԿ-ից հեռացել ու սկսել էր հիշել իր գրող նախկին ընկերներին.
ԷՍ ԻՄ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ Ա ՎԻՈԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ: ՈՒ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՐԱՆԻՑ…
Նա սիրում էր մեռնող քաղաքների տենդը
Եվ պատկերներ զարհուր եւ հռնդուն երգեր:
Նա պայքարող մարտի՞կ: Դա լեգենդ է,
Որ իր մռայլ մահով նա հավիտյան հերքեց:

էսօր գիշեր
կիսաարթնացած
հանկարծ զգացի որ թաց ա դեմքս
հետո չեմ հիշում որտեղից
միտս ընկան վերեւի չորս տողը
որ Չարենցն ա գրել
Մայակովսկու մասին
իրա ինքնասպանության օրը
վաղուց շատ վաղուց էի կարդացել
ու հիշում եմ որ վատ էի զգացել
ահավոր վատ
գիշերով գրապահարանս խառնեցի
թերթեցի թերթեցի
գտա էդ բանաստեղծությունը.
————————
էէէէէէէ Եղիշ Եղիշ
ինքը քո եղբայրն էր
քո հարազատ եղբայրը
բայց դու շրջեցիր դեմքդ
դու գերադասեցիր լինել
պայքարող մարտիկ
ես գիտեմ դու չես իրան սպանել
ես գիտեմ դու չես իրան սպանել
բայց էս դեռ 30 թիվն ա
դեռ ինչեր ինչեր են լինելու
ախր դեռ հույս կար
ախր դու էիր բոլորի վերջին հույսը
եթե չգրեիր էս հիմար տողերը
եթե գրեիր ուրիշ տողեր
ամեն ինչ հիմա ուրիշ էր լինելու
Որտե՞ղ է Մարինեն ազնիվ. եթե համարում էր, որ իր «հարազատ եղբոր» հանդեպ ոչ մի մեղք չունի, պաշտպանել է նրան՝ գոնե իր համակրած քաղաքական ուժի մամուլի ու մասնակիցների «գոտկատեղից ներքև» հարձակումներից, ավելին` անձամբ չի մասնակցել դրանց ու իր բերանով ինձ կոպիտ բառեր, սրիկա  չի ասել իրենց շարժմանը չմիանալու համար, էլ ինչի՞ համար էր ներողություն խնդրում ու դեմքը թացացնում: Իհարկե, բանաստեղծության միջի արցունքներն իրական չեն, բայց դրանք նաև կոկորդիլոսի արցունքներ չեն, քանի որ բխում են բանաստեղծության ներքին ճշմարտությունից: Իսկ հիմա ՀԱԿ վերադառնալու իր որոշման մասին ֆեյսբուքում գրելիս նա արդեն ներողություն է խնդրում մյուս նախկին ընկերներից` համարելով, որ ահագին մարդու դավաճանել է, ուղղակի դա արել է անկեղծորեն: Փաստորեն, անկեղծությունը վատ բան է, շատ ավելի լավ կլիներ, որ դրա փոխարեն Մարինեն ուրիշ հատկանիշներ ցուցաբերեր, որ ստիպված չլիներ մեկ սրանից ներողություն խնդրել, մեկ՝ նրանից: Իհարկե, Մարինեն կարող է էս բանաստեղծության վերնագրից հանել իմ անունը կամ տեղը գրել, ասենք՝ ՀԱԿ ընկերներիս, վերջապես նրանց մեջ էլ գրողներ կան, կամ՝ էլ ավելի ընդհանուր հասցեագրեր (էդպես տարիներ առաջ նոր գրականություն մտնող մի ուրիշն էր թերթում ինձ ընծայականով տպել իր մի պատմվածքը, իսկ հետո, երբ արդեն հայտնի գրող էր, գրքում պատմվածքը նվիրել էր արվեստին: Դրանով փորձել էր պատմվածքին ավելի մեծ հնչեղություն տալ` չհասկանալով, որ վերացարկելով  ու առհասարակ արվեստին նվիրելով չէ, որ գործը նեղանձնականից վերաճում է ունիվերսալի, ունիվերսալը աբստրակտ չի, այլ՝ կոնկրետ): Արդյոք «պայքարի մարտիկ» ընկերներից «դավաճանության» համար ներողություն խնդրելը չի՞ նշանակում, որ նա հետ է վերցնում այն ներողությունը, որ բանաստեղծությամբ խնդրել է այդ պայքարի ընթացքում «գոտկատեղից ներքև» խփված «քաղաքական անընդունելի դիրքորոշում» ունեցողից: Թե՞ կարելի է անվերջ շարունակել «հարազատ եղբայրներից», ապա «պայքարի մարտիկներից» ներողություն խնդրելու շարքը: Ներողությունների բազմանալը չի՞ արժեզրկում արդյոք նախորդ ներողությունը` որպես իսկապես գիտակցված հրաժարում քաղաքական որոշակի խաղի կոպիտ կանոններից, ինչն այսօր էլ շարունակվում է ՀԱԿ-ի կողմից մամուլում ու սոցցանցերում: Թե՞ «ՀԱԿ համակիր» ինքնաբնութագրումը հենց նրանով է հարմար, որ ազատում է համակրածիդ քաղաքական վարքի համար պատասխանատվությունից` պարգևելով միայն «պայքարի մարտիկի» դափնիները: Հարցեր, որոնց պատասխանը Մարինեն չի տալիս, որպեսզի պարզ լինի, թե իր այս վերադիրքավորվելը ինչ երաշխիքներ է տալիս մարդկային ու գրողական էթիկայի պահպանման համար: Բայց ինչո՞ւ պիտի քաղաքականությամբ զբաղվելը «դավաճանությունների» ու «ներողությունների» շարան ստեղծի: Ինչպե՞ս կարող է Մարինեն ազատվել այդ ծուղակից, եթե ինքն է որդեգրում ՀԱԿ-ի սիրային դիսկուրսը` «դավաճանություն» համարելով քաղաքական հայացքների փոփոխությունը: Իսկ գուցե հայացքնե՞րը չէ, որ փոխվել էին, այլ ընդամենը անհաջող ռազմավարությունից էր դժգոհ (բայց դա էլ երբեմն կարող է պայմանավորված լինել հիմնավոր սկզբունքներով, որ ոտնահարվում են՝ հանուն իրավիճակային ռեալ փոլիթիքի): Եթե դա ընդամենը դժգոհություն էր երկխոսային ռազմավարությունից, ու հիմա վերադառնում է, քանի որ, նաև իր ջանքերով, վերհառնել է «բարի-չար» բևեռացումը, և ինքն էլ ուզում է «չար» լինել, ինչպես գրում է իր հայտարարության մեջ, ուրեմն էլի՞ պիտի սպասել, որ «հարազատ եղբայրներին» կարելի է հարվածել «գոտկատեղից ներքև», ինչպես ակնկալելի է «չարից», որովհետև եթե հարցը միայն իշխանությանը քննադատելն ու նրա դեմ պայքարելը լինի, էլ ի՞նչ «չար», դա լավ էլ «բարի» գործ է համարվում բոլորի կողմից: Թե՞ «բարի-չարը» ընդամենը գողական «ճշտի» ու «սխալի» մտավորական ձևակերպումն է ու հեգնում է «բարին» որպես «հարիֆ», իսկ «չար» ինքնանվանումը նշանակում է՝ «ես լաաաաավ տղա եմ»: Կամ էլ՝ նեղացկոտ կնոջ թարսախոսության պես՝ հա, ես վատն եմ, որ թարգմանվում է՝ ես լավն եմ, բայց իմ ղադրն իմացող չկա: Իսկ եթե գողական, գեղարվեստական կամ կանացի թարսախոսական չի, «չար» լինելու ինչքա՞ն դուխ ունի, ասենք, կարո՞ղ է ասել, որ մարտի 1-ի զոհերը անհրաժեշտ էին շարժմանը թափ հաղորդելու համար, ինչպես կարողացել են ասել շատ հեղափոխականներ՝ առանց «չար» լինելու գլուխգովանության: Քաղաքականությունը մեր ժամանակների կրոնն է, ուր նույնպես լսվում են «լաց ու ատամների կրճտոց», վիրավոր հառաչներ ու անքննելի հավատի երդումներ, և կրքերի ու լարումների այդ հորձանքում ոմանք ոտնահարում են մարդկային համակեցության բարոյական նորմերը՝ քաղաքականությունն իբրև ալիբի ներկայացնելով, ոմանք փորձում են պահպանել դրանք՝ հանուն ոչ թե քաղաքականության «եկեղեցու», այլ քաղաքականության «աստծու», որ ինչպես կրոնի աստվածը, «եկեղեցում» չի բնակվում: Ինչո՞ւ որոշեցի գրել այս ամենը. որովհետև ուզում եմ պատասխանել Մարինեի բանաստեղծության «ներեղությանը»: «Դոգվիլ» ֆիլմում հերոսուհու հայրը իր մարդասեր աղջկան ասում է` դու արհամարհում ես այն մարդկանց, ում հանդեպ ներողամիտ ես, դու քեզ նրանցից բարձր ես համարում, քանի որ ինքդ քե՛զ չէիր ների այն բաների համար, որոնց համար ներում ես նրանց: Ուրեմն ես բավարար չափով չեմ հարգել Մարինեին, «ներողությունն» ընդունել եմ ու նմանվել էն մարդկանց, որ նրա մասին ասում են` դե Մարինեն ա էլի՝ անլրջացնելով նրա վարքն ու խոսքը: Դրա համար, Մարինե, հիմա ուզում եմ քեզ հարգելով պատասխանել բանաստեղծությանդ: Չէ, չեմ ներում». – գրել է Վիոլետ Գրիգորյանը:

Դիտվել է 1977 անգամ:
Print Friendly

Leave a Reply