«Ազգային ավիափոխադրողի շուրջ ստեղծված իրավիճակի համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում». Դ. Ադբաշյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2013 21:59

Ապրիլի 3-ին ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ էին հանդիպել Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուներ՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը «Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ և քննարկելով դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա:

ՀԽ նախագահն առաջարկել էր «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ կազմակերպել քննարկում՝  շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀԽ մամլո ծառայությունից, քննարկումը տեղի կունենա ապրիլի 11-ին:

Այսօր Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում քննարկման նախապատրաստական նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում կրկին բարձրացվել են «Արմավիա» ընկերության ներկա իրավիճակին, Հայաստանի քաղավիացիայի խնդիրներին և հետագա ճակատագրին առնչվող հարցեր:

Քննարկվել են «Արմավիայի» սնանկացման պատճառներն ու հետևանքները, հնչել են Հայաստանի քաղավիացիայի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկներ:

Ենթաhանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանն անդրադարձել է քաղավիացիայի ոլորտի օրենսդրությանը՝ մատնանշելով օրենքում առկա բացերը:

Նա անհրաժեշտ է համարել Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի ընդունումը, երկրի քաղավիացիան փրկելու ազգային ծրագրի մշակումն, ինչպես նաև այդ ծրագրի իրականցման վրա հասարակական վերահսկողության սահմանումը:

Ադբաշյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ այսօր ազգային ավիափոխադրողի շուրջ ստեղծված իրավիճակի համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում: Այդ փաստը նույնպես նա համարել է օրենսդրության թերի լինելու հետևանք:

Ենթահանձնաժողովի անդամները հստակեցրել են այն հարցերն ու առաջարկները, որոնք պետք է ներկայացվեն ապրիլի 11-ին կայանալիք քննարկման ընթացքում:

Դիտվել է 1231 անգամ:
Print Friendly

Leave a Reply