Տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի անդրանիկ նիստը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 4, 2013 17:29

Մարտի 29-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի անդրանիկ նիստը, որին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանից մասնակցել են Կառլեն Խաչատրյանը եւ Ավետիք Հարությունյանը, ով ներկայացնում է ԼՂՀ-ն:
Ապրիլի 4-ին Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երիտասարդական խորհրդարանի նախագահ Կառլեն Խաչատրյանը, ներկայացնելով նիստի արդյունքները, նշեց, որ ԱՊՀ երկրների Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովը մի հարթակ է, որտեղ երիտասարդներն իրենց հուզող հարցերի վերաբերյալ ներկայացնում են դիրքորոշումներ, կարծիքներ:
Վեհաժողովում հիմնականում քննարկվել են աշխատանքային հարցեր եւ ծրագրեր, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք զբաղվելու են առաջիկա աշնանը նախատեսված Երիտասարդական համաժողովի կազմակերպչական, ինչպես նաեւ՝ Վեհաժողովի կանոնակարգում փոփոխություններ կատարելու հարցերով:
Համաժողովին կարող են մասնակցել ոչ միայն ԱՊՀ երկրների Երիտասարդական խորհրդարանների անդամները, այլեւ ասելիք կամ մասնակցության ցանկություն ունեցող այլ երիտասարդներ եւս: Համաժողովի անցկացման վայրը դեռեւս քննարկման փուլում է:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply