Տուրիստական սեզոնի մեկնարկային նախադրյալները վատը չեն

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 10, 2013 7:01

Հայաստանում բացվում է տուրիստական սեզոնը: Թերևս դեռ չկան պաշտոնական վիճակագրության առաջին եռամսյակին վերաբերող տվյալներ, բայց ոլորտի զարգացումների համար որոշակի մեկնարկային տվյալներ արդեն իսկ կարելի է նկատել:

 Նախ` դեռևս նախորդ տարվա վերջում հիմք դրվեց տուրիզմի ոլորտի համար անչափ կարևոր մի գործընթացի` Էկոնոմիկայի նախարարության, ԱՎԾ-ի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և GIZ կազմակերպությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում այս տարվա ընթացքում մեկ տարի շարունակ ՀՀ սահմանային բոլոր անցակետերում կիրականացվի վիճակագրական հետազոտություն:

Հայաստանում տուրիզմի ոլորտում զբաղված բազմաթիվ կազմակերպություններ բազմիցս անդրադարձել են տուրիզմի ոլորտին վերաբերող վիճակագրության անհրաժեշտությանը: Այսինքն` ոլորտի զարգացման համար հույժ անհրաժեշտ է տիրապետել այնպիսի տվյալների, ինչպիսիք են երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը, նրանց սեռա-տարիքային կազմը, զբոսաշրջիկների այցելությունների աշխարհագրությունը, թե ուր են հիմնականում այցելում, նրանց նպատակների, ակնկալիքների, տպավորությունների մասին տվյալները, կատարած ծախսերի, այցելվող վայրերի նկարագրությունը և այլն:

Այս տվյալները զարգացած տուրիզմ ունեցող երկրներում հավաքվում են, ստեղծվում է  տվյալների բազա, և այդպիսի հետազոտությունների արդյունքում է, որ պարզ են դառնում, թե՛ տուրիստական շուկայի պատկերն ու նկարագիրը, թե՛ բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ, որոնք անհրաժեշտ են ինչպես պետական քաղաքականության մշակման, այնպես էլ ճիշտ մարկետինգային քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար: Այսպիսի տվյալների հիման վրա տուրիզմի ոլորտում ներգրավված օբյեկտներն ու սուբյեկտներն արդեն կկարողանան վերլուծություններ անել, իրենց համար գործարար ծրագրեր մշակել և այլն:

«Համաձայն միջազգային զբոսաշրջային մեթոդաբանության ու նաև մեր օրենսդրության` հենց այդ վիճակագրությունից ստացված տվյալների հիման վրա է ստեղծվում տվյալների բազա, ձևավորվում են համապատասխան բանաձևեր, հաշվարկվում ու վարվում է վիճակագրություն, թե քանի զբոսաշրջիկ է այցելելու Հայաստան: Այդ վիճակագրության արդյունքները կամփոփվեն տարվա վերջին: Այսպիսի վիճակագրության անհրաժեշտությունը վաղուց կար, քանի որ նմանատիպ վերջին տվյալները ստացվել էին 2006-2007 թվականների վիճակագրությամբ»,- ասաց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Տուրիստական այս տարվա մեկնարկային կարևոր միջոցառումներից էր նաև տարեսկզբին Հայաստանում անցկացված միջազգային CTS-2013 զբոսաշրջային ամենամյա ցուցահանդեսը: Այդ ցուցահանդեսին մասնակցում էին տուրիստական տարբեր կազմակերպություններ Հայաստանի ամբողջ տարածքից, ԼՂՀ-ից և այլ երկրներից:

Ցուցահանդեսին մասնակցում էին նաև հատուկ հյուրեր` Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի նախագահն ու փոխնախագահը:

Նրանց մասնակցության արդյունքը, ինչպես ներկայացրեց Մեխակ Ապրեսյանը, «Հայ զբոսավարների գիլդիա» ՀԿ-ի հետ համագործակցությունն էր: Այդ համագործակցության շրջանակներում նախատեսվում է  Հայաստանը դարձնել զբոսավարների գիտակրթական միջազգային կենտրոն: Դրա համար արդեն որոշակի աշխատանքներ ընթանում են, և հույս կա, որ Հայաստանում գիդերի պատրաստման և վերապատրաստման միջազգային կենտրոն կստեղծվի: Սա ևս մի կարևոր հանգամանք է, եթե հաշվի առնենք այն, որ տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներն արդեն երկար ժամանակ բողոքում են որակյալ կադրերի բացակայությունից: Ճիշտ է` այսպիսի կենտրոնը տուրիզմի ոլորտի կադրերին վերաբերող բոլոր հարցերը չի լուծի, բայց գոնե միջազգային փորձին համապատասխան զբոսավարներ կարող է պատրաստել:

Զբոսաշրջային տարվա մեկնարկային կարևոր միջոցառումներից է նաև ապրիլին Հայաստանում անցկացվելիք տուրիզմի ոլորտի իրավաբանների միջազգային ֆորումի հերթական խորհրդաժողովը, որի շրջանակներում աշխարհի 25 երկրների բարձրակարգ իրավաբաններ կքննարկեն տուրիզմի ոլորտին առնչվող իրավական հարցերը: Այս միջոցառումը, բացի Հայաստանի վարկանիշի վրա դրականորեն ազդելուց, կարող է նաև ազդեցություն ունենալ ոլորտի օրենսդրական կարգավորման հարցերում:

Այս տարի նախատեսվում է շարունակել ավանդական դարձած մի շարք փառատոներ, որոնք արդեն միջազգային ճանաչում են գտել ու գրավում են շատ զբոսաշրջիկների:

Իրանցի զբոսաշրջիկները նվազել են

Մի խոսքով` զբոսաշրջային տարին կարծես վատ չի մեկնարկում, բայց անհրաժեշտ է դրական երևույթների կողքին հիշատակել նաև բացասականները: Ճիշտ է` առաջին եռամսյակն ամփոփող վիճակագրական տվյալները չկան, մի քիչ վաղ է կանխատեսումներ անել, առավել ևս` վերջնական տեսակետներ հայտնել, բայց խնդիրներ ունենք` կապված զբոսաշրջային այցելությունների առումով մեր կարևոր շուկաներից մեկի` Իրանի հետ:

Հարևան երկիրը, որից վերջին տարիներին զբոսաշրջիկների բավական մեծ հոսք էր ուղղվում Հայաստան, այսօր արտագնա զբոսաշրջության խնդիրներ ունի: Իրանում ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակի բերումով, կապված իրենց ազգային արժույթի արժեզրկման հետ, որը մոտ եռապատիկ անկում է  ապրել ԱՄՆ դոլարի նկատմամբ, էական բացասական ազդեցություն է ունեցել Իրանից արտագնա զբոսաշրջության վրա, ուստի Իրանից դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի էական նվազում է  նկատվում, ինչը չի կարող ազդեցություն չունենալ նաև Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների վրա: Այժմ իրանցիները նախընտրում են իրենց երկրում ներքին տուրիզմով զբաղվել, քան այցելել այլ երկրներ: Ճիշտ է` մենք տեսնում ենք, որ Իրանից, այնուամենայնիվ, Հայաստան  գալիս են, բայց անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ նախորդ տարիների հետ համեմատած` կունենանք իրանցի զբոսաշրջիկների թվի շեշտակի նվազում:

Այս կարծիքին է նաև Մեխակ Ապրեսյանը: Դա Հայաստանից ամենևին էլ կախված չէ, բայց մի բան հուշում է, որ մենք դեռևս չունենք տուրիստական հոսքերի դիվերսիֆիկացման բարձր մակարդակ: Առհասարակ աշխարհում զարգացած տուրիզմ ունեցող երկրներն ուսումնասիրում են տուրիստական հնարավոր հոսքերը, գնահատում են գնողունակ պահանջարկը և իրենց համար ընտրում թիրախային երկրներ: Այսինքն` այնպիսի երկրներ, որոնց զբոսաշրջիկները գուցե հետաքրքրվեն իրենց երկրով: Բնականաբար, այդպիսի թիրախային շուկա է մեզ համար Իրանը: Բայց անհրաժեշտ էր ունենալ այլընտրանքային առաջարկ: Ամբողջ աշխարհում Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնի են արտագնա տուրիստների քանակով: Եվ այն երկիրը կամ երկրները, ուր սկսում են զանգվածաբար այցելել ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկները, շատ կարճ ժամանակահատվածում զգալի զարգացում են ունենում այս ոլորտում: Օրինակ` Թուրքիան, Հորդանանը, Շրի Լանկան, Կիպրոսը և այլն: Հայտնի է նաև, որ ռուս և ուկրաինացի երիտասարդները էքստրեմալ և արկածային  տուրիզմի հակումներ ունեն, ինչի բավականին մեծ պոտենցիալ ունի Հայաստանը: Ու եթե ճիշտ գնահատվեր և օգտագործվեր այդ պոտենցիալը, կարող էինք որոշակի հաջողություն ունենալ:

Հայաստանում մեծ պոտենցիալ ունեն նաև ագրոտուրիզմը, էկոտուրիզմը, առողջարանային տուրիզմը, եթե չհաշվենք պատմամշակութային տուրիզմը: Վերջին ժամանակներս մարզերում հիմնվել են ագրոտուրիզմի մի շարք օջախներ` հյուրատներ, որոնք գրավում են հատկապես եվրոպացի տուրիստներին, բայց այստեղ արդեն առաջ է գալիս առաջարկը տեղ հասցնելու, ճանաչելիության խնդիրը, որը պետք է լուծվի պետական աջակցությամբ:

Մի խոսքով` տուրիստական սեզոնը Հայաստանը բացում է ակտիվ միջոցառումներով, բայց իրանցիների նվազած ներհոսքով, իսկ թե ինչ արդյունքներ կլինեն ոլորտում` կերևա տարեվերջին:

 

Դիտվել է 2983 անգամ:
Print Friendly

Leave a Reply