Անանիա Շիրակացի

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | April 9, 2013 13:32

Չկա ոչինչ, որ կարելի չլինի բացատրել, և չկա ոչինչ, որ անմատչելի լինի բանականությանը:

Ինչ կարելի է ըմբռնել, այն կարելի է ըմբռնել միայն բանականության միջոցով:

Համաշխարհային գիտության մեջ կան գործիչներ, որոնց վաստակը մեծ լինելով դարակազմիկ է գիտության տվյալ բնագավառում. Իսահակ Նյուտոն, Ջորդանո Բրունո, Ալբերտ Էյնշտեյն, Նիկոլայ Կոպեռնիկոս…

Այս շարքում իր արժանի տեղը կարող էր ունենալ միջնադարյան հայ մեծ մտածող, գիտնական, աշխարհագրագետ, մաթեմատիկոս, աստղագետ և տոմարագետ Անանիա Շիրակացին: Կունենար թերևս, եթե եվրոպացի լիներ… Ցավոք, մեծ մտածողը մինչ օրս գնահատված չէ ըստ արժանվույն: Մինչդեռ նա առաջինը Հայաստանում լրջորեն զբաղվեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրմամբ: Եվ առաջինն  աշխարհում ընդունեց երկրի գնդաձևության գաղափարը` ճիշտ է` միաժամանակ տուրք տալով երկրակենտրոն համակարգի տեսությանը:

Մեծ գիտնականի ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ: Ուսումնասիրողներից ոմանք նրա ծննդյան թվականը համարում են 612-ը: Հայտնի չէ նաև նրա ծննդավայրը. մի քանի տարակարծություններ կան. Շիրակավան, Անանե գյուղ, Անի քաղաք… հայտնի է միայն, որ հանճարեղ գիտնականը ծնվել է հասարակ շինականի ընտանիքում:

Ապագա գիտնականը նախնական ուսումը ստացել է Դպրևանքի դպրոցում, որտեղ, սակայն, սահմանափակ հնարավորություններ կային հագուրդ տալու Անանիայի ուսման տենչին: Եվ շուտով Անանիան մեկնում է Բյուզանդական կայսրության տարածք` Փոքր Հայքի Թեուդոպոլիս քաղաք` ուսումը շարունակելու: Նա այնտեղ հանդիպում է Քրիստոսատուր անունով մի հայազգի մաթեմատիկոսի, որի մոտ ուսանում է վեց ամիս:

Ընդհանուր առմամբ Անանիա Շիրակացին արտասահմանում ուսանեց շուրջ 11 տարի:

Չբավարարվելով ձեռք բերածով` նա ցանկանում է մեկնել Կոստանդնուպոլիս` ուսումը շարունակելու, սակայն իր ծանոթների խորհրդով փոխում է ճանապարհը և մեկնում Տրապիզոն` ուսանելու ժամանակի անվանի գիտնական Տյուքիկոս Բյուզանդացու մոտ: Հենց Տյուքիկոսն էլ հանդիսանում է Անանիա Շիրակացու ուսուցիչը: Նրա մոտ ուսումնառության ութ տարիների ընթացքում Շիրակացին ձեռք է բերում համապարփակ գիտելիքներ մաթեմատիկայի, աստղագիտության վերաբերյալ:

Շիրակացու ուսումնառության մասին գիտությանն այսքանն է հայտնի: Սակայն քանի որ նա իր աշխատություններում համապարփակ մեջբերումներ է կատարում եգիպտական, բաբելական, հունական, հռոմեական հաշվողական համակարգերից, բացառված չէ, որ նա կյանքի այդ փուլում հասցրել է ավելին անել, քան հայտնի է գիտությանը:

Շուտով գիտելիքների իր զինանոցով Շիրակացին վերադառնում է Հայաստան և ձեռնամուխ լինում ուսուցմանը: Նա դպրոցներ է բացում, դասագրքեր գրում դպրոցների համար և ուսումնասիրություններ կատարում` ընդլայնելով ձեռք բերած գիտելիքների պաշարը:

Գերագնահատել Շիրակացու դերը հայ միջնադարյան գիտական մտքի ձևավորման և զարգացման գործում` անհնարին է: Նա մեծ ներդրում ունի մանավանդ մաթեմատիկայի և աստղագիտության զարգացման ոլորտներում: Իր հաշվարկներում դեռևս 1300 տարի առաջ նա փաստում էր, որ Արեգակն իր ծավալով անհամեմատ մեծ է Երկրից, Լուսնից, և նրա տեսանելի փոքրությունը բացատրում էր Երկիր մոլորակից նրա հեռավորությամբ: Շիրակացին երկրակենտրոն համակարգի ջատագովներից էր և դրա հիման վրա է տալիս գիշերվա, ցերեկվա առաջացումը, լուսատուների շարժը:

Նա, տեսական գիտելիքից զատ, տվել է նաև աստղագիտության մի շարք գործնական կիրառության կանոններ: Նա կազմեց Լուսնի խավարումների 19-ամյա պարբերական աղյուսակը: Շիրակացին համոզված էր, որ Լուսինը սեփական լույսից զուրկ և միայն Արեգակից լուսավորվող պինդ երկնային մարմին է: Ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները կապում էր Լուսնի գոյության հետ:

Անանիա Շիրակացին նաև տվել է աստղագիտության մեջ ժամանակին կիրառվող հայկական անվանումների, տերմինների բացատրությունը: Ծիր Կաթին համաստեղության մասին գրում է, որ այն բաղկացած է բյուրավոր մեծ ու փոքր աստղերից, որոնք հեռավորության վրա թույլ են առկայծում:

Արժեքավոր է նաև Անանիա Շիրակացու հեղինակած թվաբանության դասագիրքը, որում կան բազում աղյուսակներ` մաթեմատիկական գործողություններով: Նրա բերած աղյուսակներից շատերը մինչ օրս վերծանված չեն և սպասում են ուսումնասիրողին: «Թվաբանություն» դասագիրքն առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև նրանով, որ  այն բովանդակում է ոչ միայն թվաբանական գործողությունների աղյուսակներ և խնդիրներ, այլև բանահյուսական առանձին հետաքրքրություն ներկայացնող խրախճանականներ` զվարճալի խնդիրներ:

Հետաքրքիր մեկնաբանություններ ունի ֆիզիկայի առանձին խնդիրների վերաբերյալ: Նաև աշխատություններում անդրադարձել է օդերևութաբանական խնդիրներին: Աշխատություն ունի բնական երևույթների` անձրևի, կարկուտի, ձյան, ամպրոպի մասին: Ըստ Շիրակացու` աշխարհը բաղկացած է չորս հիմնական տարրերից` կրակ, օդ, ջուր և հող: Նա մատնանշել է նաև հինգերորդ տարրը` եթերը, որ գտնվում է տիեզերքում: Նրա համոզմամբ` երկիրը գնդաձև է, և այն գտնվում է տիեզերքի կենտրոնում և ամեն ինչ արարված է աստծո կողմից:

Նա իր ուսումնասիրություններում նաև որոշ անդրադարձ է կատարել թանկարժեք քարերին:

Անանիա Շիրակացին իր գործունեության մեջ վեր էր ժամանակի տիրապետող կրոնական մոլեռանդությունից և իր տեսությունները հիմնավորում է սոսկ գիտական վերլուծություններով:

Բարեբախտաբար, Անանիա Շիրակացու աշխատությունների հիմնական մասը պահպանվել է. նրա գրչին են պատկանում «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Երկնքի շրջագայությունների մասին», «Տիեզերագիտություն», «Ամպերի և մթնոլորտի նշանների մասին», «Արեգակի ընթացքի մասին», «Ծիր Կաթինի մասին», «Թվաբանություն» և այլ աշխատություններ: Ընդհանուր առմամբ մեզ է հասել հանճարեղ գիտնականի 29 աշխատություն:

Սակայն Անանիա Շիրակացու ամենակիրառական աշխատությունը եղել և մնում է «Աշխարհացույցը»: Այն բաղկացած է երկու մասից. առաջինի մեջ տեղեկություններ կան երկրի չափերի, կլիմայական գոտիների, ինչպես նաև բնակչության տեղաբաշխման մասին: Նրանում ներառված են ժամանակի աշխարհի բոլոր երկրները:

Երկրորդ մասը վերաբերում է Հայաստանին: Հենց Անանիա Շիրակացու շնորհիվ մենք այսօր ունենք Մեծ Հայքի նահանգների, գավառների, նրանց վարչական բաժանումների մասին համապարփակ տեղեկություններ: Նշելով նահանգների և գավառների սահմանները` Շիրակացին անդրադարձել է նաև նրանց կլիմայական պայմաններին, կենդանական աշխարհին, ռելիեֆին, ջրային ռեսուրսներին, բնական հարստություններին` կազմելով, փաստորեն, պատմական Հայաստանի աշխարհագրության մանրամասն նկարագիրը:

Անգնահատելի է Շիրակացու ավանդը տոմարագիտության բնագավառում: Նրա «Պատճեն տոմարի» և «Քրոնիկոն» աշխատությունները կարևոր են ոչ միայն հայոց տոմարագիտության ուսումնասիրման առումով: Նա իր աշխատանքի մեջ բերել է հայոց տոմարի համեմատականը և զուգահեռներ անցկացրել 14 ժողովուրդների տոմարագիտական համակարգերի հետ: Ավելին, հենց Շիրակացու աշխատության շնորհիվ է, որ այսօր մեզ է ավանդվել աղվանների տոմարագիտական համակարգը: Հատկապես մեծ արժեք են ներկայացնում Շիրակացու մեջբերումները նախաքրիստոնեական Հայաստանի տոմարագիտական համակարգի, ամսանունների, օրանունների մասին: Նրա աշխատանքի շնորհիվ այսօր հնարավոր է ճշտել շատ պատմական իրադարձությունների ճշգրիտ տարեթվերը:

Այնքան մեծ էր Շիրակացու հեղինակությունը և կարևոր նրա ուսումնասիրությունը, որ նրա ժամանակակիցը` Ամենայն հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661-667) նրան հանձնարարում է կազմել հայոց նոր տոմարագիտական անշարժ համակարգ: Շիրակացին կատարում է հանձնարարությունը, սակայն կաթողիկոսի մահից հետո այն դադարում է գործելուց:

Նրա գործունեությունը, սակայն, միայն գիտությամբ չսահմանափակվեց: Շատ ուսումնասիրողների կարծիքով` Անանիա Շիրակացին ստեղծագործել է նաև երաժշտության բնագավառում և հորինել բազմաթիվ շարականներ: Մասնավորապես, նրան են վերագրվում Վարդավառի և Հոգեգալստյան շարականները, երաժշտության բնագավառում այլ աշխատություններ:

Որոշ ուսումնասիրողների կարծիքով, կյանքի մայրամուտն անվանի գիտնականն անցկացրել է հայրենիքից հեռու. 667 թվականին հանճարեղ գիտնականն ու ուսուցչապետը տարագրվեց Հայաստանից և հաստատվեց Վենետիկում: Ինչու հեռացավ Անանիա Շիրակացին Հայաստանից` վստահաբար դժվար է ասել: Այդ մասին կարելի է միայն ենթադրություններ անել նաև իր խոսքերից. «Ստացիր իմաստություն և առավել պարսավիր տգիտությունը` իբրև խավարի ծնունդ: Եթե մերժես գիտությունը` նա էլ քեզ կմերժի»:

Ինչևէ, 680-ական թվականներին նա ավանդեց հոգին: Մեռավ` սերունդներին թողնելով հարուստ գիտական ժառանգություն և իմաստնություն, իր համար նույն սերունդների կողմից վաստակելով Մեծահանճար ուսուցչապետ կոչումը…

Վահե  ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 4268 անգամ:
Print Friendly

Leave a Reply