Ինհալացիա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | April 6, 2013 7:00

Սովորաբար ընդունված է մրսածության ու վարակների սեզոն համարել աշունը, սակայն այս տարի գրիպը դեռ  իր անելիքն անում է,  ու արդեն   գիտենք, որ եթե անգամ հիվանդությունը նահանջել է, հազը դեռ երկար շարունակում է տանջել:

Ի՞նչ է ինհալացիան

Պարզ խոսքով` ինհալացիան դեղերի մուտքն է օրգանիզմ շնչուղիներով: Ինհալացիան դեղամիջոցնեի ազդեցության ժամանակն էականորեն կրճատում է:

Դրա համար հարկավոր է  եռացրած ջրին ավելացնել բուժիչ խոտաբույսեր, ծաղիկներ, եթերայուղեր, որոնցից անջատվող գոլորշին ներշնչվում է:

Հարբուխի դեպքում բավարար է միայն քթով գոլորշին ներշնչելը: Դրա համար նախապատրաստած լուծույթը լցվում է թեյնիկի մեջ, թղթից ձագար է պատրաստվում, որի միջոցով էլ  յուրաքանչյուր քթանցքով հարկավոր է ներշնչել լուծույթից անջատվող  գոլորշին:

Հազի դեպքում  դեղը լցվում է տաք ջրով լի թասն, ու գլուխը ծածկելով խավավոր սրբիչով` ներշնչվում է թասից անջատվող գոլորշին:

Եթե խեղդում է հազը, ապա կօգնի հետևյալ միջոցը. հավասար քանակությամբ վերցնել եղինջի, եղեսպակի (շալֆեյ), նիվենու (էվկալիպտ), լորենու չոր հումք և դրա վրա ավելացնել եռման ջուր, թրմել 10 րոպե ու սկսել բուժումը: Այս միջոցն օգնում է խորխի անջատմանն ու բորբոքային վիճակի վերացմանը:

Չոր հազի դեպքում, երբ խորխը դժվարությամբ է պոկվում, հրաշալի է օգնում սոդայով ինհալացիան: Այդ նպատակով մեկ լ ջրին ավելացվում է 2 ճաշի գդալ կերակրի սոդա, ու 10 րոպե ներշնչվում է այդ գոլորշին: Այս միջոցը ջրիկացնում է խորխը և այն դուրս բերում բրոնխներից:

Ասեղնատերև սոճի. կարելի է օգտագործել նաև սոճու եթերայուղը, փշերը: Դրա համար հարկավոր է սոճու փշերի վրա երեկոյան սառը ջուր լցնել, իսկ հաջորդ օրը  եռացնել ու ինհալացիա անել այդ եփուկով:

Իսկ ամենադյուրին միջոցը թերևս խաշած կարտոֆիլն է` կեղևով: Կարտոֆիլը պետք է խաշել, ապա ջուրը թափել ու կարտոֆիլից անջատվող գոլորշին ներշնչել:

Հարբուխի դեպքում ինհալացիան օգնում է բացել շնչուղիները: Ահա մի բաղադրատոմս. մեկ լ եռման ջրին ավելացնել 1 թ/գդալ մանրացրած սոխ ու սխտոր ու մի քանի կաթիլ յոդ: Պրոցեսը պետք է 10 րոպե տևի: Սոխի ու սխտորի օգտակար  հատկությունները եռման ջրի ազդեցությամբ լրիվ բացվում են: Այս միջոցը մանրէասպան է, վերացնում է այտուցն ու կարգավորում լորձաթաղանթի վիճակը:

Տնային պայմաններում ինհալացիայի մի քանի կանոն

Ինհալացիա անում են ուտելուց  առնվազն 1,5 ժամ հետո:

Հետևեք, որ եռման ջուրն այրվածքներ չառաջացնի (հատկապես երեխաների բուժման ժամանակ):

Պրոցեդուրայից հետո  ճիշտ է գոնե 40 րոպե պառկել հանգստանալը, ընդ որում, կոկորդը չլարելու համար չի կարելի խոսել:

Ինհալացիա չի կարելի անել բարձր ջերմության ու քթից արյունահոսության ժամանակ:

 

Դիտվել է 4811 անգամ:
Print Friendly

Leave a Reply