Գյումրիում մեկնարկում է ″Վերածնունդ″ միջազգային մրցույթ-փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 4, 2013 16:24

Ապրիլի 9-19-ը Գյումրիում կմեկնարկի ″Վերածնունդ″ միջազգային 5-րդ ամենամյա մրցույթ-փառատոնը: Այս տարի այն նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին եւ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին: Ժյուրիի կազմը եւս միջազգային է՝ հայտնի ու ճանաչված պրոֆեսիոնալ երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից: Հավելենք, որ փառատոնը մշտապես անցկացվում է Գյումրիում: Կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:

Այս տարի փառատոնը մասնակցության աննխադեպ հայտեր է ստացել: Այսօր փառատոնի կազմկոմիտեն, կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում հրավիրված ասուլիսին հայտնեց, որ մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 2415 երաժիշտ կատարող՝ աշխարհի 30 երկրից:
Մրցույթներն անցկացվելու են 13 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով: Ամենակրտսեր մասնակիցը 5 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 51: Հենց այս պատճառով էլ փառատոնի անվանումից այս տարի հանվել է ″երիտասարդ″ բառը. նախորդ տարիներին կոչվում էր՝ ″Երիտասարդ երաժիշտ-կատարողների ″Վերածնունդ″ միջազգային մրցույթ-փառատոն″:

Փառատոնում ընդգրկվել են նոր անվանակարգեր եւ ենթաանվանակարգեր, եւ ընդհանուր, հաղթողներին շնորհվելու են 13 մեծ մրցանակներ, 48 ենթաանվանակարգերում՝ 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի մեդալներ, դիպլոմներ եւ ″Վերածնունդ″ միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչումներ:

Սահմանված են հատուկ մրցանակներ անվանի երաժիշտներ Էդվարդ Միրզոյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Ժան-Տեր Մերկերյանի, Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, երջանկահիշտակ Սամվել Ադամյանի, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կլարնետահար Աբգար Մուրադյանի անուններով: Կլինեն նաեւ այլ մրցանակներ ու հուշանվերներ:

Մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը լինելու է ապրիլի 10-ին Գյումրու դրամատիկական թատրոնում, իսկ մրցանակաբաշխությունն ու գալա համերգ՝ ապրիլի 18-ին:

Քանի որ Գյումրին ճանաչվել է 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք՝ այս ″Վերածնունդ″ մրցույթ-փառատոնն անցկացվում է հիշյալ ծրագրի շրջանակներում:

Ի դեպ, առաջին անգամ, Գյումրիում եւ Երեւանում, համերգներով հանդես կգան նաեւ միջազգային ժյուրիի հեղինակավոր անդամները:

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply