ՄԱԿ-ը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ընդլայնում են համագործակցությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2013 16:00

Երևան, ապրիլի 4, 2013 թ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողներն այսուհետ ավելի շատ հնարավորություններ կունենան բարելավելու իրենց գիտելիքները ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և հայաստանյան գործունեության մասին՝ ՀՊՏՀ-ի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) միջև այսօր ստորագրված Համագործակցության ծրագրի իրագործման արդյունքում:
Համալսարանի գրադարանում ՄԱԿ-ի անկյունի բացումը առաջինն էր Համագործակցության ծրագրով նախատեսված գործողություններից: ՄԱԿ-ի օրերի հիշատակումը, իրազեկման դասախոսությունները և քննարկումները, ուսումնական պրակտիկաների հնարավորությունները համալսարանի ուսանողների համար ծրագրով նախատեսված համատեղ միջոցառումներից մի քանիսն են, որոնք կնպաստեն ՄԱԿ-ի արժեքների տարածմանը:
ՄԱԿ-ի անկյունին տրամադրված ՄԱԿ-ի հրատարակությունները կծառայեն երիտասարդներին ՄԱԿ-ի աշխատանքների վերաբերյալ իրազեկելու գործին: Համալսարանը ՄԱԿ-ի անկյունը կօգտագործի նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական և այլ միջոցառումներ կազմակերպելիս:
Լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված է Հազարմայակի զարգացման նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների 1000 օրվան, համալսարանի ուսանողներին և անձնակազմին կներկայացնի ՄԱԿ-ի քսանամյա գործունեությունը Հայաստանում:
ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը ՄԱԿ-ի ուշադրության առանցքում է, քանի որ երիտասարդները ցանկացած հասարակության շարժիչ ուժն են: Ուսանողները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներից են և մեր վստահելի գործընկերները ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման առաջմղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել նրանց իրենց գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»:
«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը ՄԱԿ-ի հետ: Մեր համատեղ գործողություններն ուսանողներին հնարավորություն կտան ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում և դառնալու իրենց երկրի իրազեկ և ակտիվ քաղաքացիներ»,- ասաց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը:
2012 թվականի ընթացքում երկկողմ համագործակցության ծրագրեր են ստորագրվել ՄԱԿ ՀՏՎ-ի և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև: Սլավոնական, Մանկավարժական և Ագրարային համալսարաններում բացվել են նաև ՄԱԿ-ի անկյուններ, իսկ ԵՊՀ-ն հյուրընկալում է Հայաստանում ՄԱԿ-ի երկու ավանդապահ (դեպոզիտար) համալսարաններից մեկը:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply