Իրանագետ. Ով էլ ընտրվի ԻԻՀ նախագահ, Իրանի քաղաքականությունը չի փոխվի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 4, 2013 16:23
Այս տարվա հունիսի 14-ին Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանարագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով` հարևան Իրանում քաղաքական պայքարը կթեժանա ապրիլի կեսերին, երբ և ի հայտ կգան հիմնական ֆավորիտ թեկնածուները: Իսկ առայժմ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են 6 թեկնածուներ, շրջանառվում են նաև այլ թեկնածուների անուններ: Ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այլևս առաջադրվել չի կարող. նա արդեն պաշտոնավարում է երկու ժամկետ անընդմեջ:
Ըստ իրանական օրենքների` նախագահի թեկնածու կարող է առաջադրվել ԻԻՀ 45-75 տարեկան ցանկացած քաղաքացի, ով ունի առնվազն մագիստրոսի կոչում, դավանում է իսլամ, մահմեդական արժեքների ջատագովն է և նախկինում պաշտոնական որոշակի գործունեություն է ունեցել: Սակայն վերջնական որպես թեկնածու գրանցվում են միայն այն անձինք, ովքեր ՆԳՆ կազմում գործող հատուկ հանձնաժողովի հավանությանն են արժանանում:
Իսկանդարյանն ասում է, որ ԻԻՀ-ում ընտրություններն անկանխատեսելի են. վերջում կարող է ֆավորիտ թեկնածու դառնալ մինչ այդ բոլորին անհայտ թեկնածուն: Պատճառն այն է, որ ԻԻՀ-ում վերջնական որոշումները կայացնում է հոգևոր առաջնորդը` Այաթոլահ Խամենեին, իսկ վերջինիս որոշումը կողմնորոշում է հանրության զգալի մասին:
Իսկանդարյանը նշում է,որ վերջերս ներկայիս նախագահ Ահմադինեժադը կոչ է արել Խամենեին ձեռնպահ մնալ և չասել, թե որ թեկնածուին է համակրում, քանի որ հոգևոր առաջնորդի անգամ փոքրիկ ուղերձը կարող է որոշիչ դառնալ բնակչության մեծամասնության կողմնորոշման հարցում:
Իսկանդարյանն ասում է,որ առայժմ շրջանառվող բոլոր թեկնածուները պահպանողական հոսանքի ներկայացուցիչներ են, բարեփոխականները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ և միասնական թեկնածու առաջադրել: Իսկանդարյանի կարծիքով, եթե բարեփոխականները կարողանան միասնական թեկնածու առաջադրել, ապա լուրջ քաղաքական խմորումներ կարող են տեղի ունենալ, քանի որ ներկայիս տնտեսական ճգնաժամից ու Ահմադինեժադի վարած քաղաքականությունից դժգոհ անձինք իրենց քվեն կտան այդ թեկնածուին:
Իրանագետի խոսքով` անկախ այն բանից, թե ով կդառնա Իրանի նոր նախագահը, երկրի թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը չի փոփոխվի, քանի որ քաղաքական ուղղությունները որոշում է հոգևոր առաջնորդը, իսկ նախագահն ընդամենը իրականացնում է: Նոր նախագահի դեպքում գուցե հռետորաբանությունը որոշակի փոփոխություն կրի:
«Ով էլ իշխանության գլուխ գա, նրա գերխնդիրը լինելու է հակառակվել Իսրայելին, ԱՄՆ-ին, իրենց բարեկամական մոտեցումը ցույց տալ Սիրիայի, Ռուսաստանի, Հայաստանի հանդեպ: Սրանք հիմնական վեկտորներն են, որ նրանք, միևնույն է, պահելու են, այլ բան է հռետորաբանությունը»,- ասում է Իսկանդարյանը:
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին` Իսկանդարյանն ասում է, որ դրանք բարձր մակարդակի վրա են գտնվում և 2006-ից ի վեր բարիդրացիականից մի մակարդակ բարձր են. Ահմադինեժադն այն որակել է որպես հատուկ հարաբերություններ:
Իսկ երկու երկրների հարաբերություններում որոշակի դանդաղկոտությունը կամ ձգձգվածությունը իրանագետը պայմանավորում է պատժամիջոցներով պայմանավորված Իրանի տնտեսական վատ վիճակով. «Իրանը նույն թափով այժմ չի կարող իրականացնել ծրագրերը, ինչ օրինակ, 10 տարի առաջ էր նախատեսում»:
Նշենք, որ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել ԻԻՀ տեղեկատվության նախկին նախարար Ալի Ֆալահիանը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, «Հեզբոլլահ» կազմակերպության Իրանի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Մոհամմադ Բաղեր Խարազին և «Իմամի ուղու հետևորդների ճակատ» պահպանողական խմբավորման անդամ, Իրանի նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Հասան Ռոհանին: Եռակողմ դաշինքի թեկնածուներն են ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին և Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը. վերջում կառաջադրվի նրանցից մեկը, սակայն ով, դեռ որոշված չէ: Հավանական թեկնածուների թվում է նաև Միջլիսի ներկայիս խոսնակ Ալի Լարիջանին:






Facebook
Tweet This
Email This Post
