Թուրքական մամուլը լուսաբանում է «Ռեալ Մադրիդ»-«Գալաթասարայ» հանդիպման կուլիսային մանրամասները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 11:43

   Չնայած երեկ Չեմպիոնների լիգայի քարորդ եզրափակիչ փուլում թուրքական  «Գալաթասարայ»-ը 3-0 հաշվով պարտություն կրեց իսպանական «Ռեալ Մադրիդ»-ից, այնուհանդերձ թուրքական մամուլը շարունակում է խոսել այդ հանդիպման մասին՝ լուսաբանելով շատերի աչքից հեռու մնացած մանրամասներ:

«Radikal»-ը գրում է, որ խաղից առաջ «Գալաթասարայ»-ի հազարավոր երկրպագուներ գրավել էին Մադրիդի փողոցները: Հաշվի առնելով նրանց տաքարյունությունը, զարմանալի չէ, որ իսպանական ոստիկանությունը որոշ երկրպագուների է ձերբակալել՝ «բռնության հակված երկրպագու» լինելու մեղադրանքով, և նրանց թույլ չեն տվել մտնել մարզադաշտ և ներկա գտնվել հանդիպմանը:

Հանդիպման նկատմամբ մեծ հետաքրքրությունը արտահայտվել է նաև սոցիալական կայքերում: Խաղից առաջ «Twitter»-ում «Ռեալ Մադրիդի» պաշտոնական էջում գրել էին՝ «Հիշու՞մ եք 2001 թվականի Բերնաբեուի քարորդ եզրափակիչ խաղը», ինչպես նաև տեղադրել 2001-ի հանդիպման լուսանկարներից, երբ «Ռեալը» նույն՝ 3-0 հաշվով հաղթեց թուրքական ակումբին: Ի պատասխան «Գալաթասարայ»-ի էջում էլ հրապարակվել էր 2000 թվականին թիմերի միջև տեղի ունեցած հանդիպման նկար, որի ժամանակ դեղնա-կարմրավունները 2-1 հաշվով հաղթեցին բլանկոներին:

Նախապես հայտարարվել էր, որ «Գալաթասարայ»-ի երկրպագուներին 3900 տոմս է տրամադրվելու, սակայն վերջիններս, գնելով նաև մադրիդիստների համար նախատեսված տոմսերը, 15 հազարանոց խմբով գրավել էին Բեռնաբեուի տրիբունաները՝ չմոռանալով ծածանել նաև հսկայական թուրքական դրոշ: Թուրք երկրպագուները, իրենց սովորության համաձայն, մարզադաշտում կրակներ են վառել, ինչի համար «Գալաթասարայ» ակումբը ամենայն հավանականությամբ կտուգանվի: Չնայած լուրջ հաշվով պարտությանը, այնուհանդերձ թուրքական թիմն ու նրա երկրպագուները դեռ հույսեր են փայփայում, որ Ստամբուլում կարողանալու են հրաշք գործել:

 

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply