Ադրբեջանում գործարարը աղյուսով հարվածել է Բեյլականի շրջանի ղեկավարի գլխին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 3, 2013 21:23

Ադրբեջանի Բեյլական քաղաքում վիճաբանության արդյունքում գործարար Թառլան Քամալօղլուն աղյուսով հարվածել է Բեյլականի շրջանի ղեկավար Վագիֆ Աբդուլաևի գլխին, հաղորդում է ադրբեջանական “Haqqin” կայքը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 1-ին. Աբդուլաևի և գործարարի միջև վիճաբանություն է սկսվել Բեյլականի զբոսայգիներից մեկի տարածքում:

Աբդուլաևը Քամալօղլուից պահանջել է 10.000 մանաթ զբոսայգու վերանորոգման համար, գործարարը հրաժարվել է: Աբդուլաևը մի խումբ բնակիչների ներկայությամբ սկսել է վիրավորել գործարարին և նրա ընտանիքին: Այլևս չդիմանալով` գործարարը,վերցնելով մերձակայքում գտնվող աղյուսը, խփել է շրջանի ղեկավարի գլխին:

Հարվածի ուժգնությունից Աբդուլաևը բերանքսիվայր ընկել է, գործարարը շարունակել է ոտքերով հարվածել նրան: Հավաքվածներին մեծ դժվարությամբ է հաջողվել հանդարտեցնել վրդովված գործարարին: Վերջինիս ձերբակալել են ոստիկանները, սակայն շրջանի ղեկավարը հրահանգել է ազատ արձակել: Հավանաբար շրջանի ղեկավարին ձեռնտու չի եղել տվյալ գործով նրան ձերբակալելը:

Haqqin.az-ն ընդգծում է, որ հավաքվածները մեծ բավականությամբ են հետևել, թե գործարարն ինչպես է ծեծում շրջանի ղեկավարին: Նշվում է, որ վերջինս շրջանի գերատեսչությունների ղեկավարներից յուրաքանչյուրից պահանջել է վճարել 10.000 մանաթ`չվճարելու դեպքում սպառնալով հեռացնել զբաղեցրած պաշտոնից:

Դիտվել է 917 անգամ:
Print Friendly

Leave a Reply