Օդաչուին առավել անհանգստացնում է ոչ թե իր աշխատավարձը, այլև հայկական քաղավիացիայի ճակատագիրը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 3, 2013 20:21

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ են հանդիպել հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուներ: Ինչպես նշված է Հանրային խորհրդի մամլո հաղորդագրության մեջ, վերջիններս ՀԽ նախագահին են ներկայացրել իրենց մտահոգությունը «Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ, քննարկել դրա հետևանքները օդաչուների հետագա գործունեության վրա:

Փոխարենը խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի, հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի քաղավիացիայի ապագայի վերաբերյալ կազմակերպել լայն քննարկում՝ շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Անկախ»-ին հաջողվեց զրուցել «Արմավիա» ընկերության օդաչուներից մեկի հետ, ով, չցանկանալով հրապարակել անունը, նշեց, որ իրենք խիստ մտահոգված են ստեղծված իրավիճակով: Մեր զրուցակցի խոսքով` ընկերությունն իրենց 5 ամսվա աշխատավարձ է պարտք: Սակայն օդաչուին առավել անհանգստացնում է ոչ թե իր աշխատավարձը, այլև հայկական հայկական քաղավիացիայի հետագա ճակատագիրը:

Օդաչուն նաև ասաց, որ կարող է արտերկրում ավելի բարձր աշխատավարձով նույն աշխատանքը գտնել, ինչը շատերն արդեն արել են, սակայն ավելացրեց, որ այդ քայլին առայժմ չի գնում, քանի որ իր համար իր երկրում ապրելը շատ կարևոր է: Բացի այդ, նրան անհանգստացնում է փաստը, որ բարձրակարգ հայ օդաչուներն աստիճանաբար հեռանում են, իսկ նրանց փոխարինելու են գալիս երիտասարդ և դեռևս բավարար փորձ չունեցող օդաչուներ:

Նշենք, որ «Արմավիան» այս պահի դրությամբ մեծ պարտքեր ունի ոչ միայն աշխատակիցներին, այլև 54,2 միլիոն ռուբլու ժամկետանց պարտք` ռուսական ընկերություններին: Այս մասին գրում է ռուսական լրատվամիջոցներից մեկը` նշելով, որ ամենամեծ պարտատերը` շուրջ 44,3 միլիոն ռուբլի, մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանն է:

Դեռևս անցյալ տարի լուրեր էին պտտվում «Արմավիայի» վաճառքի վերաբերյալ, սակայն ընկերությունը գնորդ չէր գտնում հենց կուտակված պարտքերի պատճառով: Հնարավոր գնորդների մեջ շրջանառվում էր նախ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ Էդուարդո Էռնեկյանի  անունը: Այնուհետև ամենահավանական գնորդն, ըստ լուրերի, դարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սակայն ավելի ուշ լուրը հերքվեց Ծառուկյանի մամլո խոսնակի կողմից:

Ինչևէ, Հայաստանի ազգային ավիափոխադրողի տեղն այս պահին թափուր է, իսկ թե ով այդ տեղը կգրավի, առայժմ միայն ենթադրություններ կարելի է անել, մինչդեռ հայաստանյան աշխարհաքաղաքական պայմաններում նման իրավիճակը ոչ միայն ցավալի է, այլև խիստ վտանգավոր:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Արմավիա» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ընկերությունն ապրիլի 1-ից դադարեցնում է թռիչքները` սկսելով սնանկացման գործընթաց: «2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը «խորտակեց» շատ ավիաընկերությունների: Ավիացիան այն ոլորտն է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռք բերումների վրա: Երեք տարիների ընթացքում «Արմավիայի» սեփականատեըը ստիպված էր այլ բիզնեսներից եկամուտները ուղղել «Արմավիայի» զարգացմանն աջակեցելու գործին: Սակայն այսօրվա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ այսպես այլեւս հնարավոր չէ աշխատել, այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել դադարեցնել թռիչքները և սկսել սնանկացման գործընթացը»,-ասված էր ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply