ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 3, 2013 17:28

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 3-ի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նոր աշխատողի համար գրանցման հայտում եւ (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացվում ոչ թե անհատական տեղեկությունների ներկայացման համար սահմանված ընդհանուր կարգով, այլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող առանձին կարգով:

Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ 2013 թվականի համար անվանական աշխատավարձի վերահաշվարկման պարտադիր պահանջը չի տարածվում այն գործատուների վրա, որոնք մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն՝ ազատված են եղել գործատուի հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից:

Նախագծով առաջարկվում է նաեւ վերացնել օրենքի որոշ դրույթների տարընկալման դեպքերը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված օրինագծին՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթին, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթին:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով հետաձգեց ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» նույնանուն երեք նախագծերի քննարկումը:

Նույն օրը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ երրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության եւ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակույթի եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները, կարգավորվում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները:

Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը տեղեկացրեց, որ մինչ երրորդ ընթերցում կառավարությունը խմբագրել է մի շարք հոդվածներ:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա տեղեկացրեց, որ կառավարությունը պատգամավորների կողմից առաջարկներ չի ստացել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված օրինագծերին:

Ապրիլի 3-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած մի շարք օրինագծերի, որոնք ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի նպատակը փոխադրամիջոցների համար գույքահարկի գանձման գործընթացի պարզեցումն է եւ ավելորդ բարդությունների վերացումը: Մասնավորապես՝ նախատեսվում է ամրագրել դրույթ, որի ընդունման պարագայում քաղաքացիները, ովքեր իրենց պատկանող փոխադրամիջոցի համար տարվա կտրվածքով վճարել են գույքահարկ՝ փոխադրամիջոցի օտարման դեպքում կարող են ետ ստանալ վճարի այն ժամանակահատվածի մասը, որը չեն օգտագործել:

Քննարկվեց նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը նպատակ ունի օրենսդրորեն ամրապնդել քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Հաջորդիվ հանձնաժողովը քննարկեց «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է համայնքների բյուջեների եկամուտների ավելացմանը: Օրինագծի ընդունման դեպքում հանրապետության մի շարք համայնքներ, որոնց բնակիչների թիվը 300-ից պակաս է, հնարավորություն կունենան ստանալու այնքան դոտացիա, որքան 300-ից ավելի բնակիչներ ունեցող համայնքները:

Օրինագծի հիմնական զեկուցող Վաչե Տերտերյանն ասաց, որ պատգամավորների առաջարկներն ընդունվել են եւ ներկայացվել է լրամշակված տարբերակ:

Օրինագծերը կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Օրակարգում ընդգրկված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած օրինագծի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց: Հաշվի առնելով թեմայի հասարակական հնչեղությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը նույնպես նախաձեռնել է նման փոփոխություններ, հանձնաժողովը որոշեց առաջիկայում այդ թեմայով կազմակերպել խորհրդարանական լսումներ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը քննարկվում էր առաջին ընթերցմամբ:

Օրինագծի նպատակը գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառում իրականացվող փորձաքննության իրավական հենքի ապահովումն է եւ այդ ոլորտում իրապես մրցակցային պայմանների ներդրումը: Ակնկալվում է, որ ապագայում հնարավոր կլինի կատարելագործել ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանսավորման ձեւերը, ինչպես նաեւ՝ բարձրացնել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառի ֆինանսավորման արդյունավետությունը:

Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ օրեր առաջ տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում եղել են առաջարկներ, որոնք կքննարկվեն եւ կընդգրկվեն օրինագծում: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի օրինագծի բարեփոխմամբ:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որով հեղինակներն առաջարկում են բուհերում անվճար սովորելու հնարավորություն տալ հանրապետության սահմանամերձ կամ բարձրլեռնային շրջանների քաղաքացիներին, պայմանով, որ նրանք պարտավորված կլինեն ուսումն ավարտելուց հետո հինգ տարի մնալ շրջանում եւ աշխատել մասնագիտությամբ:

Օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նախագծերը կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

 

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply