«Հարուստ երաժշտական զինանոց ունենք»

Հարցազրույց | | April 3, 2013 15:05

«Հայոց ամենաուժեղ զենքերից մեկն էլ հայ

երգն է, էդ երգով նաև պիտի թուրքին հաղթենք…»:

Աշոտ Ղուլյան (Բեկոր)

Արցախյան պատերազմի տարիներին մեր տղաների ձեռքին զենքն էր, շութերին՝ երգը: Զենքը վերջին հաշվով անշունչ երկաթ է, մինչդեռ երգը սիրտ և հոգի ունի, ապրում է:

Այսօրվա համեմատական խաղաղության պայմաններում չի վերանում, ընդհակառակը` էլ ավելի է կարևորվում ռազմահայրենասիրական երգի և, առհասարակ, երաժշտության դերը հայ զինվորի մարտունակության բարձրացման ու ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից: Հայկական գրեթե բոլոր զորամասերում, իրենց ծառայողական պարտականությունների համաձայն, այս խնդիրը իրագործվում է երաժշտական դասակների (ազգաբնակչության շրջանում առավել հայտնի ռուսերեն «музвзвод» տարբերակով) միջոցով: Ավելորդ է խոսել վերջիններիս անհրաժեշտության ու կարևորության մասին: Հենց երաժշտական դասակներն են ապահովում զինվորների, ինչու չէ` նաև սպաների ներզորամասային մշակութային կյանքի երաժշտական մասը:

Մենք զրուցեցինք ազգային բանակի ժամկետային զինծառայող Արեգ Օրդյանի հետ, ով միաժամանակ տիրապետում է մի քանի երաժշտական գործիքների՝ ջութակ, կիթառ, շեփոր, մասամբ` նաև դաշնամուր: Տաղանդավոր երիտասարդն ավարտել է Երևան քաղաքի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: Այսօր Արեգն արդեն ծառայում է հայոց բանակի զորամասերից մեկի երաժշտական դասակում՝ իբրև շեփորահար:

Մինչև ծառայության մեկնելն արդյո՞ք մտավախություն ունեիր, որ հնարավորություն չես ստանա զբաղվել երաժշտությամբ:

– Չէի ասի… Տեղեկանալով, որ տիրապետում եմ շեփորի՝ զինկոմիսարիատից ինձ հանձնարարեցին հանձնել որակավորման քննություն, որը և հաջողությամբ հանձնեցի: Չգիտեի, թե որտեղ եմ անցնելու ծառայությունս, բայց գիտեի, որ ծառայելու եմ երաժշտական դասակում:

Ձեր երաժշտական դասակում առկա՞ են անհրաժեշտ գործիքներ, և ի՞նչ վիճակում են դրանք գտնվում:

– Մենք հարուստ երաժշտական զինանոց ունենք՝ 2 շեփոր, 5-6 դուդուկ, 2 զուռնա, 4 կլարնետ, 2-3 շվի, տենոր, ծնծղաներ, մեծ ու փոքր թմբուկ, սաքսաֆոն, ֆլեյտա, դհոլ, 2 կիթառ (այդ թվում` էլեկտրո): Այս զինանոցը ստեղծվել է մեր՝ զինվորներիս, և Պաշտպանության նախարարության համագործակցությամբ: Գործիքները հիմնականում լավ վիճակում են, ունենք բավականին որակյալ և թանկարժեք գործիքներ:

Ձեր զինվորական դիրիժորի երաժշտական գիտելիքները բավարարու՞մ են նվագախմբի համար բարձր նշաձողեր սահմանելու համար: Հմուտ երաժիշտներ ունե՞ք:

– Մեր մաեստրոն լավ երաժշտական ճաշակ ունի, ջազի սիրահար է: Կարողանում է ճիշտ ուղղորդել մեզ և ղեկավարել գեղարվեստական մասը: Հմուտ երաժիշտներ նույնպես ունենք: Տղաներից մի քանիսը սովորում են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Սկսնակներ նույնպես կան, ովքեր զինվորական դիրիժորի և մեր օգնությամբ օրեցօր հմտանում են:

Ներզորամասային մշակութային կյանքին մասնակցելուց բացի` Ձեր դասակն արտազորամասային մշակութային միջոցառումներում մասնակցություն ունեցե՞լ է:

– Այո նման ծրագրեր եղել են. մասնակցություն ենք ունեցել քաղաքի մշակույթի կենտրոնում կազմակերպված մի քանի միջոցառումների (վերջինը` հունվարի 28-ին կազմակերպված միջոցառմանը` նվիրված ՀՀ ԶՈՒ 21-րդ տարեդարձին), մասնակցել ենք տոնական շքերթների: Կան նաև մտահաղացումներ, որոնք իրականություն դարձնելու ուղղությամբ հիմա աշխատում ենք. նպատակ կա համերգային շարքով հանդես գալ մոտակա գյուղական համայնքներում:

Որևէ առաջարկություն ունե՞ս, որն ըստ քեզ կօգնի ծառայողական պարտականություններն առավել արդյունավետ կատարելուն, ինչպես նաև նվագախմբի կատարելագործմանը:

– Հաճելի կլինի, եթե մեզ ապահովեն տոնական համազգեստներով` նախատեսված հատուկ երաժշտական դասակի համար:

Շնորհակալություն, որ պատրաստակամորեն պատասխանեցիր մեր հարցերին: Ցանկանում ենք հագեցած մշակութային առօրյայով ծառայություն:

– Ձեզ նույնպես շնորհակալություն, միշտ պատրաստ եմ:

 

Հեղինակ՝ Դավիթ Քյարունց

Դիտվել է 2330 անգամ:
Print Friendly

Leave a Reply