Վաղը դպրոցներում կանցկացվի «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 3, 2013 14:41

Վաղն ավելի քան 39 600 հայ աշակերտներ կմասնակցեն «Կենգուրու 2013» միջազգային մրցույթին:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով անցկացվում է աշխարհի ամենասիրված և ամենազանգվածային դպրոցական «Կենգուրու» մրցույթը: Մրցույթին այս տարի մասնակցում են 3-12-րդ դասարանների մոտ39 600 երեխաներ Հայաստանի և Արցախի 960 դպրոցներից:

«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` մոտ 7 միլիոն դպրոցականների մասնակցությամբ:

«Կենգուրուին» մասնակցում են 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: Հայաստանում մրցույթն անցկացվում է արդեն հինգերորդ տարին: Բոլոր մասնակիցների պատասխանները ստուգվում են հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ:

Ինչպես միշտ, յուրաքանչյուր դպրոց մայիսի սկզբին ստանում է ամփոփ հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին: Նույն ամսի երկրորդ կեսին անցնում են մրցանակաբաշխություններ Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում: Համաձայն «Kangaroo sans Frontieres» միջազգային ասոցիացիայի կանոնների` «Կենգուրուի» խնդիրներն ու ճիշտ պատասխանները հրապարակվում են մասնակից երկրների կայքերում մրցույթի անցկացման օրից մեկ ամիս անց:

Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:

Մրցույթն անցկացվում է Հայաստանում` ՀՀ կրթության և գիտության, Արցախում` ԼՂՀ  կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply