Հաց չուտելով հասկացա, թե ժողովրդի կեսն ինչպես է ապրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 3, 2013 0:43

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, հացադուլից դուրս գալուց հետո, սկսել է մարզային շրջայցերը: Հերթը հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիինն էր: Այստեղ, թատերական հրապարակի իր ունկնդիրներին Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ապրիլի 9-ին մասնակիցը լինել “Ազատության” հրապարակում կայանալիք երդմնակալության արարողությանը:
“Ուղիղ մեկ շաբաթ անց` ապրիլի 9-ին, մենք ունենալու ենք նոր հռչակված Հայաստանի Հանրապետություն և դա միասին ենք բերելու”, – նշեց “Ժառագնություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նաև տեղեկացրեց, որ այդ օրը հանրահավաքն արտոնված է լինելու, իսկ ճանապարհները չպետք է փակվեն: Ապա անդրադարձավ ժողովրդին ահաբեկելու փորձերին. “Թող ոչ մեկն Արցախով սպեկուլացիա չանի, որովհետև, մեր ժողովուրդը գիտի արյան գինը, գիտի, որ յուրաքանչյուր կյանք մի ամբողջ հայրենիք է, և չենք զիջելու մեր կյանքը` ո’չ թշնամուն, ո’չ էլ խաղաղ պայմաններում”: Գործող դե-ֆակտո իշխանություններին հորդորեց զինվորներին և ուժային կառույցներին չխառնել քաղաքացիական խաղաղ հաղթահավաքները կասեցնելու գործընթացներին և անտեղի չշահարկել Արցախը վտանգի մեջ լինելու խնդիրը:

Դառնալով ժողովրդի սոցիալական խնդիրներին` Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց. “Այս վերջին 3 շաբաթները ձեզ նման հաց չուտելով, ես հասկացա, թե մեր ժողովրդի կեսն ինչպես է ապրում իր երկրում”:

Հանդիպման ավարտին գյումրեցիներն էլ իրենց կողմից հայտարարեցին, որ ապրիլի 7-ին թատերական հրապարակից կազմակերպելու են քայլերթ` դեպի մայրաքաղաք Երևան:

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply