Խորհրդարանական լսումներ՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 2, 2013 18:47

Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ լսումներ:

Լսումներին հրավիրված էին մասնակցելու պատգամավորներ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

Ինչպես նշեց Աժ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ սա հերթական քայլն է երկրի Սահմանադրության մեջ ամրագրված «սոցիալական պետության» կայացման ճանապարհին: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ լսումների նպատակն է վերականգնել հաշմանդամների իրավունքները, լուծել նրանց մտահոգող խնդիրները՝ կապված հիվանդությունների, աշխատանքի, տեղաշարժման մատչելիության, ինչպես նաեւ արձանագրել օրենքում առկա թերությունները, ընդունել սկզբունքներ, որոնք կենսական են եւ կիրառելի:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը շնորհակալություն հայտնեց լսումների կազմակերպման եւ շահագրգիռ քննարկումների համար: Արտեմ Ասատրյանի բնորոշմամբ՝ այս նախաձեռնությունն ազդարարում է ոլորտում համալիր փոփոխությունների սկիզբը, քանի որ նպատակը ոչ միայն հաշմանդամների սոցիալական պաշտպանությունն է, այլ, առաջին հերթին, նրանց ինտեգրումը հասարակությանը, սոցիալական ներառման ապահովումը: «Հաշմանդամություն ունեցող անձիք մեզնից մեկն են եւ ունեն նույն իրավունքները: Նրանք պետք է օգտվեն այն իրավունքներից, որոնք հասու են մեր քաղաքացիներին»,- նշեց նախարարը: Նա կարեւորեց օրենքի նախագծի քննարկումը, քանի որ դրվելու են այն հիմքերը, որոնք թույլ կտան սկզբունքորեն նոր մոտեցումներ ամրագրել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում:

Ըստ նախարարի՝ օրենքի նախագծում ամենակարեւոր փոփոխությունը քվոտավորման սկզբունքի ամրագրումն է, որն աշխարհում ընդունված մոդել է եւ որը ոչ միայն պետության խնդիրն է, այլ նաեւ գործատուի:

Հյուրերին ողջունեց նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիեթ Ահրենսը: Նա նշեց, որ հաշմանդամների սոցիալական ինտեգրումը կարեւոր քաղաքականություն է, եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ուրախ է աջակցել կառավարությանը եւ հուսով է, որ երեխաները նույնպես կօգտվեն այդ նոր մոդելի փոփոխություններից:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ջեմա Բաղդասարյանը` անդրադառնալով նաեւ ոլորտում իրականացվող քաղաքականությանը:

Ներկա դրությամբ ՀՀ-ում հաշվառված է 186.384 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 8000-ը երեխաներ են: Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6 տոկոսը, որը համեմատած այլ երկրների՝ բարձր ցուցանիշ չէ: Աշխատունակ հաշմանդամներից այսօր աշխատում է միայն 9 տոկոսը, հաշմանդամների 19 տոկոսը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, որից 15 տոկոսը նպաստառու են:

Ջեմա Բաղդասարյանը նշեց, որ օրենքի նախագծի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումներ ինչպես նախարարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկվել է այն հարցը, թե արդյոք հնարավոր է գործող օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով որդեգրել նոր մոտեցումներ, որոնք բժշկական մոդելից կտանեն սոցիալական մոդելին:

Ջեմա Բաղդասարյանը հավելեց, որ առաջիկայում ստեղծվելու է հաշմանդամության հարցերով Ազգային հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն հասարակական կազմակերպությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը, ներկայացնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հաշմանդամների աշխատանքի եւ զբաղվածության հարցերի իրավական կարգավորումը, տեղեկացրեց, որ ՀՀ գործող օրենսդրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի, զբաղվածության իրավունքների պաշտպանության բնագավառում նախատեսված են միջազգային չափանիշներին համապատասխանող իրավական նորմեր:

Անդրադառնալով քվոտավորման սկզբունքին՝ նա նշեց, որ թեեւ հասկացությունը նոր է հայ իրականության մեջ, սակայն այն կիրառվել է բազմաթիվ երկրներում: Քվոտավորման սկզբունքը կազմակերպություններին առաջարկում է հաշմանդամներին աշխատատեղերի պարտադիր ապահովում: Ըստ նրա՝ գնահատվել է միջազգային փորձը, որի հիման վրա առաջարկվել է մի մեխանիզմ, որը բազմաթիվ անգամ քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Գործատուների միության, հասարակական կազմակերպությունների հետ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտության մասին խոսելով՝ «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը նկատեց, որ չնայած օրենքի մեջ մտահոգիչ տարրեր կան, այնուամենայնիվ, կարեւոր է նախագծի քննարկումը: Արմեն Ալավերդյանը հավելեց նաեւ, որ քվոտավորման առկայությունը նաեւ իրենց ջանքերի արդյունքն է:

Լսումներին ներկա հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունեցան հարցեր ուղղել եւ իրենց առաջարկները ներկայացնել պատկան մարմինների ներկայացուցիչներին: Հարցերն ու առաջարկները հիմնականում վերաբերում էին հաշմանդամների համար տրանսպորտի մատչելիությանը, բարձրահարկ շենքերում թեքահարթակների կառուցմանն ու ելումուտի հարմարությանը, վերելակներից օգտվելու մատչելիությանը, աշխատատեղերի ստեղծմանը, բժշկական ծառայությունների մատչելիությանը:

 

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply