Հայաստանի 43 պատմամշակութային վայրեր Մետաքսի ճանապարհի սեվծովյան միջանցքի մաս կկազմեն

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 2, 2013 15:00

Ապրիլի 2-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը» (AMAP) հայտարարեցին Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք (BSSRC) ծրագրի մեկնարկը: BSSRC-ն երկամյա նախաձեռնություն է, որը կոչված է խթանելու զբոսաշրջության զարգացումը, անդրսահմանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի 173 համայնքներում:
AMAP-ի նախագահ Ռիչարդ Նայը ներկայացրեց, թե ինչպես է զբոսաշրջային ուղին նշվելու, պատմամշակութային և բնության որ վայրերն են ընդգրկվելու դրանում և ինչպես է առաջիկա երկու տարիներին ծրագիրն իրականացվելու Հայաստանում: Հայաստանյան ուղին 43 վայրեր է ներառելու Երևանում, ինչպես նաև Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:
Ասուլիսին ելույթ ունեցան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Լաուրենտիու Հրիսթեան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի հայաստանյան մասնաճյուղի («ICOMOS-Հայաստան») նախագահ, «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:
Հայաստանում ծրագիրը ֆինանսավորում են Եվրամիության Սևծովյան համագործակցության ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ն իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով և AMAP-ը՝ որպես ծրագրի գլխավոր իրականացնող: Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը և համայնքների զարգացմանը՝ զբոսաշրջային ցանցերի ստեղծման և տեղական (գյուղական) ծառայությունների ու ավանդական արտադրանքների խթանման միջոցով:

Դիտվել է 2194 անգամ:
Print Friendly

Leave a Reply