Սահմանամերձ գյուղերի բնակիչների տրամադրությունները` հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 13, 2010 11:35

տեսարան Բագարանից

Բագարանում օրը ցերեկով լսվում է  հարևան թուրքական Հելինջակ գյուղից տարածվող նամազի ձայնը: «Օրը երեք անգամ գալիս ա. առավոտ, ցերեկ, իրիկուն,-  «Անկախի» թղթակցին պատմում է  բագարանցի Վոլոդյա Փիլոյանը,- հլը իրիգվա 8-ի կողմերը, որ շարժում-բան չի լինում, ավելի պարզ ա լսվում»:

Բագարանը և Երվանդաշատը Արմավիրի մարզի սահմանամերձ գյուղեր են` Երևանից մոտ 90 կմ դեպի հարավ-արևմուտք, սահմանից նվազագույն հեռավորությունը մոտ 300 մետր է, դպրոցի հետնամասից երևում է Հելինջակի սպիտակ մզկիթը:

Այս գյուղի բնակիչները հակասական տրամադրություններ ունեն  հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման   առնչությամբ: «Բա ես կդզվե՞մ ընդոնց հետ (թուրքերի). թագավոր պապիս ու իրա հինգ ախպերներին թուրքը պահ մտած տեղից հարձակվել ու հինգին էլ սպանել, կապել ա ձիու վրա ու ուղարկել գյուղ»,- ասում է  բագարանցի 80-ամյա Հասմիկ մայրիկը:

Նա զարմանում է, թե ինչպես թուրքը, տեր կանգնելով իրենց  պապական ունեցվածքին, վիճարկում է հողերի պատկանելության հարցը: «Թուրքը մեր ունեցած-չունեցածը զարկել-տարել ա, մերս պատմում էր, որ լացն ընգել էր գյուղը,- ասում է նա,- տո գրողն ընգնի դրանց ջանը. դուք էկել մեր հողերին տեր եք կանգնել, հիմիկ էլ նեյնիկ-նեյնիկ եք խաղո՞ւմ»:

Վոլոդյա Փիլոյան. «թուրք ժողովուրդը հայի հետ թշնամի չէ. ինչ արել ա, բարձր խավն ա արել»

Իսկ նույն գյուղից 70-ամյա Վոլոդյա Փիլոյանը դեմ չէ սահմանի բացմանը: Նա պատմում է, որ Մեծ հայրենականի տարիներին, երբ սահմանի հսկողությունն այսպես խիստ չէր, գյուղի երիտասարդներով լողանում էին Արաքսում և թուրքերի հետ միասին ձուկ բռնում: «Գալիս խառնվում էինք իրար ու ըտենց համերաշխ էինք,- պատմում է Վոլոդյան,-  էդ հիմի են խստացրել  գրանիցը, ոչ հարաբերություն կա, ոչ էլ` տալ-առնել: Էն վախտ խոսում էլ էինք, իրար քեֆ ու հալ հարցնում: Բա իրար հետ ջուրն էինք մտնում. մի հատ չհարցնե՞ս` ոնց ա»:

Գյուղացիները թուրքերի հետ հաղորդակցվել են թուրքերենով: Մինչև Հայաստանի անկախանալն այս տարածաշրջանում  ադրբեջանցիներ են բնակվել, և նրանց հետ շփվելով` սահմանամերձ գյուղի տարեց բնակիչները թուրքերեն են սովորել:

Բագարանցի Կոտիկ Պետրոսյանն ասում է, որ սահմանի հնարավոր բացման խոսակցություններից աշխուժացել են լրագրողական այցելություններն իրենց գյուղ: Մեր այցելությունից մոտ մեկ շաբաթ առաջ էլ Թուրքիայից լրագրողներ են եկել ու հայ-թուրքական հարաբերությունների մասին  ժողովրդի տրամադրվածության մասին կարծիքներ հարցրել:

Կոտիկն ասում է, որ երեկոյան, երբ վառվում են սահմանից անդին գտնվող բնակատեղիների լույսերը, ամբողջ տունը լուսավորվում է այդ լույսից: «Սաղ իրանց լույսերը վառում են,- ասում է նա,- թե գիշեր, թե ցերեկ: Հոկտեմբերյան ու Երևան իրար հետ  էդքան լույս չի վառվում, ինչքան որ իրանց մոտ: Էդ գյուղերը էս մի 5 տարի ա, որ թփռոշացել են, իրանց մեծն ասել ա, որ մերոնց ինադու սաղ օրերը լույսերը վառեն, յանիմ թե իրանց մոտ զարգացնում են»:

Բագարանի գյուղապետ Գևորգ Մարգարյանը կողմ է սահմանի բացմանը: «Գետի վրա մի կամուրջ կա, և այն վերականգնելու դեպքում հնարավոր է` մի անցակետ բացվի, դե էդ էլ ա աշխատատեղ: Իսկ սահմանի բացման դեպքում էլ իշխանությունների ուշադրությունը մեր գյուղերի վրա կսևեռվի»,- ասում է գյուղապետը` պնդելով, որ մինչ օրս պետական պատկան մարմինների կողմից որևէ ուշադրություն չի տեսել:

Բագարանում վերջացող Ախուրյան գետի վրա կամուրջ կա, որը կառուցվել է XX դարասկզբին և գործել է մինչև Եղեռնի տարիները:

Հասմիկ տատիկ. «Թագավոր պապիս ու իրա հինգ ախպերներին թուրքը պահ մտած տեղից հարձակվել ու հինգին էլ սպանել, կապել ա ձիու վրա ու ուղարկել գյուղ»

Վոլոդյայի կարծիքով`  թուրք ժողովուրդը հայի հետ թշնամի չէ. «Ինչ արել ա, բարձր խավն ա արել»:

Սահմանամերձ մյուս` Երվանդաշատ գյուղի բնակիչները ավելի բացասաբար էին տրամադրված հարևանների հետ հարաբերություններ վերսկսելու հարցում: «Թուրքը մնում ա թուրք»,- կրկնում էին նրանցից շատերը:

Գյուղացիների պատմելով` երբեք էլ սահմանից այն կողմ որևէ հարաբերություն չի եղել, իսկ մի քանի տարի առաջ, երբ Երվանդաշատից Արաքսով Թուրքիա անասուն էր անցել, սահմանի հսկողությունն ավելի է ուժեղացել:

«Ես 7 որդով սեղան նստող պապական հայ ընտանիքի գլուխ կանգնած մարդ եմ ու կյանքում չեմ ուզի, որ սահման բացվի,- վրդովված ասում էր 70-ամյա  Հրանտ Աբրահամյանը,- դա ժողովրդի կամքը չի: Էդ էս ուռած գլուխներն են ուզում, որ ավելի շատ ուտեն: Կոմունիստների ժամանակ էլ իշխանավորները, ճիշտ ա, ուտում էին, բայց էլի մատների արանքը բաց էին թողնում, որ մի քիչ էլ գյուղացին ուտի»:

Իսկ  Սուսաննա Հակոբյանը դեմ չէ սահմանի բացմանը: «Ձուկը սահմանի վրա` գետի մեջը, մենք իրավունք չունենք օգտվենք էդ բարիքից, իսկ իրանք օգտվում են»,- պատճառաբանում է նա:

Եզդի Նադիրը, որ ոչխար է պահում, նույնպես կողմ է:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կողմնակից է  սահմանի բացմանը: Նա ասում է, որ ազգաբնակչության շրջանում հարցում են անցկացրել. «Նրանցից մոտ 70 տոկոսը կողմ է սահմանի բացմանը»:

«Հավերժ թշնամիներ չեն լինում,- ասում է Ղահրամանյանը,- ես համոզված եմ, որ գյուղմթերքների արտադրության մասով  մենք միանշանակ կշահենք»:

Սակայն, միևնույն ժամանակ մարզպետը չկարողացավ հիմնավորել, թե ինչ մեխանիզմներով է հայկական կողմի գյուղմթերքի արտադրությունը մրցելու թուրքականի հետ:

Դիտվել է 2361 անգամ:
Print Friendly

Leave a Reply