20 տարի առաջ այս օրը Քարվաճառն ազատագրվեց

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 1, 2013 17:45

1993 թ. մարտի 27-ին ԼՂՀ  ՊԲ ստորաբաժանումները երեք ուղղությամբ սկսեցին Քարվաճառի (Շահումյանի շրջան) ռազմական հենակետերի ոչնչացման օպերացիան: Օրեր անց` ապրիլի 1-ին, հայ ազատամարտիկներն արդեն ազատագրեցին Քարվաճառ քաղաքը, որի  երկրագիտական թանգարանում ցուցադրված հայ մշակույթի մի շարք արժեքներից ազատամարտիկներն առանձնացրին  Քարվաճառի ազնիվ  քարից պատրաստված, «916 թվական» և «ՀԿԵ» դաջվածքներով մի խաչքար, որը երկար ժամանակ պահվում էր Գանձասարում:

Ապրիլի 5-ին հայկական զինված ուժերը դաժան մարտերից հետո դուրս եկան Օմարի լեռնանցք: Ադրբեջանական բանակը մեծ կորուստներով անցավ Մռավի լեռնաշղթան` թողնելով շրջանը: Մեր ուժերը Քարվաճառ  մտան միայն այն ժամանակ, երբ վերջին բնակիչը դուրս եկավ քաղաքից: Բայց  հեռացող խաղաղ բնակչության մեջ, այնուամենայնիվ, նշմարվում էին կնոջ զգեստով փախչող թուրք ասկյարները: Թող փախչեն, գող` սիրտը դող…

Պատմական Վայկունիք` գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում: Տրտու (Թարթառ) գետի վերին հոսանքում գտնվող այդ բնակավայրը ժամանակին հայտնի է եղել իր հանքային ջրերով: Այնտեղ կառուցվել է «Բաղնիք արքունականք», որը հետագայում կոչվել է Իսթիսու: Պատմական տարածքի ազատագրման կարևորության մասին ես չէ, որ պիտի գնահատական տամ: Դրա անհրաժեշտությունը հիրավի ժամանակին զգացել են մեր ռազմական գործիչներն ու հավուր պատշաճի լուծել այդ խնդիրը:

Փառք ու պատիվ բոլորին: Եթե այդպիսի ռազմավարություն չիրականացվեր, ապա այսօր ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի անվտանգության գոտին երբեք հուսալի չէր լինի: Չմոռանանք, որ «Խոջալուի սպանդի» թևերով իշխանության եկած Էլչիբեյը Վարդենիսով Սևան հասնելու և լճում ոտքերը թրջելու կայծակնային պլան-օպերացիա էր մտմտում: Եվ ոչ միայն: Քարվաճառի ազատագրմամբ էր, որ անվտանգ դարձան Լաչինի (Քաշաթաղ) միջանցքը, Մարտակերտի, Գորիսի թիկունքը: Էլ չեմ խոսում պատմական արդարությունը վերականգնելու մասին: Չգիտեմ, թե ով է ասել, բայց լավ է ասել, որ մեր խաչքարերը, եկեղեցիները Աստծո կնիքն են հային պատկանող հողատարածքներում: Հենց միայն 1-ին դարի ծնունդ Դադիվանքն այդ տարածքի հայկականության ծննդյան վկայականն ու լուռ վկան է: Այնպես որ Շուշիից ոչ պակաս անհրաժեշտություն էր նաև Քարվաճառի ազատագրումը, և ամեն կասկածից վեր էր, որ մեզանում երբևէ մի հայ մարդ կգտնվի, որը ծանրութեթև կանի այդ իրողությունը:

«Անկախ»-ի թղթակից Ամալյա Եդիգարյանի նյութի շարունակությունը կարդալու համար հետևեք հղմանը.

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply