Իրանն Ադրբեջանին բողոքի նոտա է ներկայացրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 1, 2013 15:39
Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին: Մարտի 31-ին Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ իրանական կողմն իր դժգոհությունն է հայտնել ադրբեջանական կողմին՝ շաբաթ օրը Բաքվում այսպես կոչված Հարավային Ադրբեջանի (Իրանի Ատրպատական նահանգ) անկակախության կողմնակիցների անցկացրած միջոցառման առնչությամբ, հաղորդում է ադրբեջանական “Contact” լրատվական կայքը:
Իրանի փոխարտգործնախարար Սեյիդ Աբբաս Արագչին ադրբեջանցի դեսպանին տեղեկացրել է, որ Թեհրանը “շատ դժգոհ է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում կանխել նման միջոցառումների անցկացումը”:
“Չնայած Իրանը մշտապես ձգտում է ամրապնդել երկու երկրների միջև հարաբերությունները, այդուհանդերձ նման գործողությունները լրջորեն խոչընդոտում են երկկողմանի կապերի զարգացումը”,-ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
Արագչին նաև իր դժգհությունն է հայտնել միջոցառման ժամանակ ցուցադրված ֆիլմի առնչությամբ և այն “պրովոկացիոն” անվանել: Ըստ կայքի՝ ֆիլմը պատմել է այն մասին, որ “Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք” շարժման ակտիվիստներն Իրանում հետապնդվում են: “Այս ֆիլմը հակասում է երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրին և բացարձակապես անթույլատրելի է”,-ասել է իրանցի պաշտոնյան:
Նշենք, որ «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք» շարժումը պայքարում է այսպես կոչված Միավորված ադրբեջանական պետություն ստեղծելու համար, որի մեջ կընդրգկվի “Հյուսիսային Ադրբեջանը” (Ադրբեջանի Հանրապետությունը) և այսպես կոչված Հարավային Ադրբեջանը (Իրանի Ատրպատական նահանգ):






Facebook
Tweet This
Email This Post
