Թուրքիայում սպանված զինծառայող Սևակի գործով փաստաբանը կդիմի եվրոպական դատարան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 14:16

Թուրքիայում Սևակ Շահին Բալըքչըին սպանած Քըվանչ Աղաօղլուին 4 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկելը չի բավարարել ո’չ Բալըքչը ընտանիքին, ո’չ էլ հասարակության լայն զանգվածներին։ Հանցագործը 2 տարուց էլ ավելի քիչ է անցկացնելու բանտում, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակօս” թերթը:

Սևակի ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավուրթը նշել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել վճիռը։

“Ինչպես հանրությանը, այնպես էլ մեզ դատավճիռը չի բավարարել։ Ինչպես այլ սպանությունների դեպքում, այս անգամ էլ մենք ականատես եղանք, որ իրականությունը չի բացահայտվում։ Մարդիկ ակնկալում էին, որ սպանության բոլոր կողմերը կլուսավորվեն, սակայն դա տեղի չունեցավ”,-ասել է նա։

Փաստաբանը նշել է, որ մեղադրյալի և վկաների ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում։ Դա ակնհայտ երևում է թղթապանակում առկա ապացույցների և վկաների ցուցմունքների անհամապատասխանությունից։ Երևում է, որ ցուցմունքները բռնությամբ են կորզվել։

Հալավուրթը տեղեկացրել է, որ դատավճիռը վճռաբեկ դատարանում է քննվելու, ինչից հետո դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

“Պետությունը պարտավոր է մարդու ապրելու իրավունքը պահպանել, և միջազգային դատարանը նման բազմաթիվ վճիռներ ունի։ Այդ դատավճիռների լույսի ներքո ակնհայտ է դառնում, որ Թուրքիայի պատժվելը շատ հավանական է”,-ասել է փաստաբանը։

Սևակ Բալըքչըն սպանվել է 2011թ. ապրլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Նրա ընտանիքի անդամները պնդում են, որ Սևակը սպանվել է հայ լինելու պատճառով:

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply