Միջադեպ Կապանում Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 1, 2013 14:45

«Ժառանգության» առաջնորդի կողմնակիցների եւ ընդդիմախոսների միջեւ բանավեճը վերաճեց հրմշտոցի:
Երկուշաբթի օրը միջադեպ գրանցվեց Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանդիպման ժամանակ:

Հովհաննիսյանը ելույթ էր ունենում` պահանջելով, մասնավորապես, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը, երբ ներկաներից նախ մի կին սկսեց բողոքել եւ պահանջել, որ նա չխանգարի Մեռելոցը եւ հեռանա, քանի որ «պաշտոններ է ուզում իր համար, իսկ ժողովրդի համար ոչինչ չի արել եւ չի ուզում», ապա կնոջը միացան այլ ներկաներ եւս:

«Ժառանգության» առաջնորդը եւ իր կողմնակիցները «սադրիչներ» որակեցին այդ անձանց, սակայն վերջիններս շարունակեցին խանգարել Հովհաննիսյանի ելույթը, ինչը, ի վերջո, վերաճեց հրմշտոցի նախագահի նախկին թեկնածուի կողմնակիցների եւ ընդդիմախոսների միջեւ:

Միայն այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցները սկսեցին հայտարարել, որ միջոցառման մասին տեղական իշխանությունները իրազեկված չեն, այն ապօրինի է, եւ պահանջեցին դադարեցնել հավաքը: Ներկաների մի խումբը ողջունեց այդ հայտարարությունը, վանկարկելով` «հեռացեք, հեռացեք»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չեկավ ժամադրության` փոխարենը այլոց ուղարկելով իր հավաքը խանգարելու համար, ապա ավարտեց ելույթը եւ հայտնեց, որ եկեղեցու այցելելուց հետո կմեկնի մարզի Գորիս քաղաք:

Նախօրեին 21-օրյա հացադուլը դադարեցրած «Ժառանգության» առաջնորդը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հիմա՞ ինչ ուղերձով է գնում մարզեր, ասել էր. – «Մենք մեր քաղաքացիների բանակը խաղաղ, սահմանադրական պիտի զորաշարժի ենթարկենք եւ սահմանադրական Նոր Հայաստանի պատգամը տանենք քաղաքից քաղաք, որովհետեւ ժողովուրդը փետրվարի 18-ին համոզիչ հաղթանակ տարել է ամենուր, եւ պիտի նախապատրաստվենք ապրիլի 9-ի Նոր Հայաստանի հիմնադրման եւ երդմնակալության»:

«Եվ նաեւ այդ ոչ թե այցելության` այդ ուխտագնացության շրջանակներում պիտի գյուղում եւ քաղաքում հանդիպենք մեր համաքաղաքացիների հետ եւ նաեւ այն քաղաքացիների կողքին կանգնենք, ովքեր պայքարել են իրենց իրավունքների համար բիրտ վարչակարգի ուղղահայացի դեմ` դա լինի մարզպետի, քաղաքապետի, գյուղապետի դեմքով, եւ պիտի կանգնենք իրավացի եւ իրավատեր բոլոր քաղաքացիների կողքին», – նշել էր Հովհաննիսյանը:

«Ինչպես գիտեք, մենք պիտի սկսենք մեր հանդիպումները հենց Կապանում, որտեղ Կապանի ժողովուրդը վերջապես ցույց տվեց, որ Սյունիքը ազատ է, անկախ եւ հպարտ, եւ Նժդեհը ոչ թե ինչ-որ պաշտոնյա իր կենացներով է հետ բերել, այլ ժողովուրդը փետրվարի 18-ին Նժդեհը վերադարձրեց Սյունիք», – կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր «Ժառանգության» առաջնորդը:

«Ի դեպ, մարզպետին էլ եք ժամադրել, հնարավո՞ր է` Դուք այցելեք իրեն, եթե չգա հրապարակ», – «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին էլ Հովհաննիսյանը պատասխանել էր. – «Մենք կհանդիպենք ճիշտ իր գրասենյակի առջեւ, ինքը կարող է իջնել եւ ինչ ուզում է` կարող է ասի կամ անի ժողովրդի առջեւ, եւ կտեսնենք, թե ժողովուրդը իրեն ինչ ասելիք եւ անելիք կունենա ի պատասխան»:

Հովհաննես Շողիկյան եւ Կարլեն Ասլանյան

azatutyun.am

Դիտվել է 1071 անգամ:
Print Friendly

Leave a Reply