Վենեսուելայում Չավեսի մասին մուլտ-հոլովակ են ցուցադրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 1, 2013 11:22

Վենեսուելական Vive Tv-ն իր կայքում մուլտհոլովակ է տեղադրել, որում մարտի սկզբին վախճանված առաջնորդ Չավեսը հայտնվում է դրախտում: Հոլովակն ընդամենը 1 րոպե տևողություն ունի. Չավեսը կանգնած է կանաչ մարգագետնի վրա` երկնագույն  ու մաքուր երկնքի տակ: Նախագահն իր ավանդական հագուստով է` Վենեսուելայի դրոշի գույներով:

Հեռվում մարդիկ են, որոնց վրա է սևեռված Չավեսի ուշադրությունը: Նրան են դիմավորում լատինաամերիկյան առաջնորդներ ու հերոսներ` Ավգուստո Սանդինոն, Սալվադոր Ալիենդեն, Էռնեստո  Չե Գեվարան, Էվա Պերոնը, Սիմոն Բոլիվարը` Չավեսի ամենասիրելի ու ամենահարգելի պատմական դեմքը: Բոլիվարը ժպտում է “կոմանդանտեին”, իսկ վերջինս միանում է իրեն դիմավորողների խմբին: Նրանց մեջ է նաև Չավեսի տատիկը` Ռոս Ինեսը, որը Չավեսին է մեկնում ձեռքը:

Տեղի դիտորդները նշում են, որ հոլովակը Վենեսուելայի նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոյի նախընտրական քարոզարշավի մի մասը կարող է դառնալ, որին անցած տարեվերջին Չավեսը նոր ընտրությունների անցկացման դեպքում իր հավանական հետնորդ էր անվանել:

Դիտվել է 1697 անգամ:
Print Friendly

Leave a Reply