Սոցիալական ոլորտի չարաշահումների «քույր» գործերով մեղադրանքները հիմնավորվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2013 11:54

Մինչ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործը նոր-նոր թափ է առնում, իսկ գլխավոր ամբաստանյալը փորձում է հասկանալ ինչում են իրեն մեղադրում, մայր գործի զավակ գործերով կայացվում են դատական ակտեր: Ավելին, արդեն գործեր կան, որոնք քննվել են նաև վերաքննության կարգով վերաքննիչ դատարանում, որոնց արդյունքում հիմնավորվել են առաջադրված մեղադրանքները:

Այսպես, ըստ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Էրեբունի-2» տարածքային ստորաբաժանման տեսուչ-վճարող Արթուր Վարդանյանը 2005-2010թթ. ընթացքում կեղծելով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող և իրավունք վերապահող վճարային ցուցակներում ընդգրկված 26 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 4 417 871 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները:

2013թվականի հունվարի 21–ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վ.Գրիգորյանի նախագահությամբ, Արթուր Վարդանյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3 մասի 1–ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1–ին մասով՝ փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Դատավճռով Արթուր Վարդանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 3 տարի 11 ամիս ժամկետով` 3.613.583 ՀՀ դրամը չգերազանցող գույքի բռնագրավմամբ: Այդ գումարը Արթուր Վարդանյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի՝ որպես հանցագործության հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասի հատուցում:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3 մասի 1–ին կետով նա դատապարտվել է ազատազրկման 5 տարի 3 ամիս ժամկետով` 3.613.583 ՀՀ դրամը չգերազանցող գույքի բռնագրավմամբ: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ Ա. Վարդանյանի նկատմամբ նշանակված պատժաչափը կրճատվել է մեկ քառորդով: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1–ին մասով նշանակված 1 տարվա ազատազրկման պատիժը կրելուց նա ազատվել է՝ հիշյալ համաներման որոշման կիրառման արդյունքում:

Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և մինչ դատաքննությունը սկսելը միջնորդել դատարանին` դատական քննություն անցկացնել արագացված կարգով: Մեղադրող Հ.Ենոքյանը չէր առարկել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին ամբաստանյալ Ա.Վարդանյանի և նրա պաշտպան Վ.Գևորգյանի միջնորդության դեմ, և դատարանը բավարարել էր միջնորդությունը:

Պատժի տեսակ և չափ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Ա.Վարդանյանը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, անկեղծորեն զղջում կատարածի համար, բնութագրվում է դրականորեն, պետությանը պատճառված գույքային վնասից կամովին հատուցել է 804.288 ՀՀ դրամ, որից 729.288 ՀՀ դրամը վերականգնել է նախաքննության փուլում, իսկ 75.000 ՀՀ դրամը` դատաքննության ընթացքում: Որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ դատարանը համարել է պատիժ նշանակելու պահին ամբաստանյալ Ա.Վարդանյանի խնամքի տակ մինչև 14 տարեկան երկու երեխաների առկայությունը:

Դատավճիռը՝ պատժաչափի մասով, Արթուր Վարդանյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել և փոփոխել, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակել նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ և պայմանականորեն այն չկիրառել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Ռեհանյանի նախագահությամբ, 2013թ. մարտի 29-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը և ստորադաս դատարանի դատական ակտը թողել անփոփոխ:

«Փաստինֆո»
Հեղինակ:
Սոնա Մաշուրյան

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply