Ոստիկանությունը տեղեկացնում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2013 11:47

«Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը մահացել է

Մարտի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Արտաշես Առաքելյանի վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 66-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարերին:
Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Ալագյազ-Արթիկ ճանապարհին «Ֆոլքսվագեն-Պասսատ»-ը ընկել է ձորը

Մարտի 29-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհի 16-րդ կմ-ին շրջվել է ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը և 8-րդ դասարանի աշակետ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղաոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Սոչիի ոստիկանության կողմից հետախուզվում է կողոպուտի մեղադրանքով

Մարտի 29-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկվել 1980 թ. ծնված Վարդան Ա.-ին, որը 2012 թ. հունիսի 4-ից ՌԴ Սոչի քաղաքի ՆԳՎ Լազարևսկի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում է կողոպուտի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան տեղափոխեցին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողին

Մարտի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1987 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը 2009 թ. մայիսի 26-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ):
Դավիթ Ա.-ն փոխանցվել է Իջևանի բաժնի ծառայողներին:
Խափանման միջոցը` կալանք:

Արմավիրում բախվել են «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ

Մարտի 29-ին, ժամը 23.25-ի սահմաններում, Արմավիրի Երևանյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը և երկրորդի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոր հանցադրվագներ

Փետրվարի 25-ին, մարտի 4-ին և մարտի 14-ին Երևան քաղաքի չորս բնակիչներից ոստիկանությունում հաղորդումներ էին ստացվել իրենց բնակարաններից գողություններ (գումար և ոսկյա զարդեր) կատարելու մասին:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունները կատարել են այլ հանցագործություն կատարելու համար մարտի 26-ին ձերբակալված Կ. Ասլանյանը և Ա. Բաղդասարյանը:
Նաղաքննությունը շարունակվում է:

Պատահար Էջմիածին-Երևան ճանապարհին

Մարտի 29-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ-5511» և «BMW X-6» մակնիշի ավտոմեքենաներ. «BMW X-6»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Share on print

Դիտվել է 1704 անգամ:
Print Friendly

Leave a Reply