Հանձնարարվել է խստորեն վերահսկել դպրոցներում դրամահավաքության երևույթները բացառելու գործընթացը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2013 19:59

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների աշխատակիցների, ինչպես նաև ֆոտոլուսանկարիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ, մեկ անգամ ևս հանձնարարել է խստորեն վերահսկել հանրակրթական դպրոցներում տարբեր առիթներով դրամահավաքության երևույթները բացառելու գործընթացը: Նկատի առնելով հանգամանքը, որ ուսումնական տարին մոտենում է ավարտին և, հատկապես ավարտական դասարաններում, սպասվում են տարաբնույթ միջոցառումներ, Տարոն Մարգարյանը ոլորտը համակարգող քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանին և հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին հանձնարարել է ծնողական կոմիտեների հետ խորհրդակցություններ անցկացնել և հորդորել, որ նմանատիպ նախաձեռնությունները իրականացնեն առանց դպրոցների տնօրեններին և ուսուցչական անձնակազմին ներգրավելու: Քաղաքապետը ներկաներին նաև տեղեկացրել է, որ վերջերս ծնողներից բողոքներ է ստացել այն մասին, որ տնօրեններն արգելում են աշակերտներին դպրոցներում ավարտական հուշալբոմների համար լուսանկարվելու կազմակերպումը՝ այն դիտարկելով որպես դրամահավաքության փորձ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է չխոչընդոտել այդ աշխատանքներին և խորհրդակցությանը հրավիրված լուսանկարիչներին էլ հորդորել է իրենց ծառայությունների մատուցման հարցերը քննարկել բացառապես ծնողական կոմիտեների հետ, մեկ անգամ ևս ընդգծելով, որ նմանատիպ ցանկացած միջոցառման նախաձեռնում կարելի է կազմակերպել՝ բացառելով ուսուցչական կոլեկտիվի ներկայացուցիչների միջամտությունը, եթե դրանք կրթական պրոցեսին չեն առնչվում: Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ նման մոտեցումը կբացառի թեմայի շուրջ տարատեսակ շահարկումները, իսկ խախտումները համապատասխան գնահատականի կարժանանան:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
Հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 925 անգամ:
Print Friendly

Leave a Reply