Չինաստանի Տիբեթի հանքավայրում սողանքի հետևանքով տասնյակ հանքափորներ մնացել են հանքի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 29, 2013 18:30

Պետական լրատվամիջոցների տվյալներով՝ ուրբաթ օրը Չինաստանի Տիբեթի շրջանում տեղի ունեցած սողանքի  պատճառով ոսկու հանքի տասնյակ աշխատողներ մնացել են հողի տակ:

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ հողի հոսքը ծածկել է 4 քառակուսի կիլոմետր տարածություն: Ներկայումս իրականացվում են փրկարարական աշխատանքներ:

Պետական Սինհուա լրատվական գործակալության տեղեկություններով՝ հողի տակ մնացած մարդկանց ստույգ թիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ Չինաստանի ազգային ոսկերչական միավորում կազմակերպությանը պատկանող դուստր ձեռնարկության տասնյակ աշխատողներ են գտնվում հողի տակ: Տեղեկությունների համաձայն՝  սողանքի  պատճառ է հանդիսացել «բնական աղետը», սակայն այլ մանրամասներ չեն հայտնվում:

Տեղի հիվանդանոցի բժիշկները հայտնում են, որ իրենց կարգադրվել է պատրաստվել փրկվածներին ընդունելու համար, սակայն ոչ մի մարդ դեռևս չի հոսպիտալացվել:

Բժիշկներից մեկը նշում է, որ իրենք մյուս հիվանդներին տեղափոխել են այլ բաժիններ, որպեսզի տեղ ազատվի հանքավայրից  փրկվածների համար, իսկ նրանց սպասում են 16 բժիշկներ:

Համայնքի բարձրաստիճան պաշտոնյանները հեռախոսի միջոցով հաստատեցին սողանքի փաստը, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին: Ոսկերչական ընկերությունից այդպես էլ չպատասխանեցին հեռախոսազանգին:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply