Թուրքիայի քաղավիացիան անորոշ ժամանակով հետաձգել է Երեւան-Վան չվերթները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 29, 2013 17:32

Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը որոշում է կայացրել անորոշ ժամանակով հետաձգել ապրիլի 3-ից նախատեսված Երեւան-Վան չվերթները: Այս մասին տեղեկացրին Երեւան-Վան չվերթի հայաստանյան կազմակերպիչ «Նարեկավանք տուր» ընկերությունից: «Թուրքական կողմն իր այս որոշումը որեւէ կերպ չի պատճառաբանել: Մենք զբաղվում ենք պատճառները վեր հանելով»,-«Արմենպրես»-ին ասաց «Նարեկավանք տուր» ընկերության տնօրեն Աշոտ Սողոմոնյանը:

Այս չվերթը պետք է իրականցվեր հայկական «Նարեկավանք Տուր» ընկերության, թուրքական «Բորաջեթ» ավիաընկերության և Վանի «Այանիս» տուրիստական գործակալության կողմից: Չվերթի գլխավոր նպատակն էր զարգացնել տուրիզմը և ժողովուրդների միջև մշակութային կապերը տարածաշրջանում, ինչպես նաև նպաստել տնտեսական և գործարար համագործակցությունը: Չվերթի կազմակերպիչները խանդավառությամբ արձանագրում էին այն փաստը, որ նախաձեռնությունը չի արգելակվում ոչ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս դրական իրողությունը բազամիցս ողջունվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության եւ Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի Վանի մասնաճյուղի կողմից: Կազմակերպիչները միանգամայն քաղաքականությունից հեռու մնալու մոտեցումով էին առաջնորդվում: «Ափսոսանքով հայտնում ենք, որ նույնը չկարողացան անել թուրքական իշխանությունները, որոնք ի վերջո թույլ տվեցին, որ քաղաքականությունը բացասական կերպով միջամտի այս խոստումնալից նախագծին: Մենք դեռ հույս ունենք, որ Թուրքիայի իշխանությունները ողջամտություն կցուցաբերեն և կվերանայեն իրենց որոշումը»,-նշված էր հաղորդագրության մեջ:

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply