«Արմավիան» կասեցնում է բոլոր չվերթները եւ սկսում է սնանկության գործընթաց

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 29, 2013 16:45

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը որոշում է կայացրել 2013 թվականի ապրիլի 1-ից կասեցնել չվերթները:«Արմենպրես»-ին ավիաընկերությունից տեղեկացրին, որ վերջին երեք տարիների ընթացքում «Արմավիա» ավիաընկերության սեփանակատերն ավիաընկերության զարգացման համար միջոցներ է ներդրել իրեն պատկանող այլ բիզնեսներից: Իրավիճակն այնպիսին էր, որ աշխատել նման կերպ այլեւս հնարավոր չէր, եւ հենց այդ պատճառով էլ որոշում է ընդունվել կասեցնել բոլոր չվերթները եւ սկսել սնանկության գործընթաց: «Արմավիա» ավիաընկերությունը շնորհակալություն է հայտնում իր ուղեւորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի:

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը մարտի 28-ին հայտարարել էր, որ «Արմավիա» ավիաընկերությունը ներկայում չունի այնպիսի ֆինանսական հնարավորություններ, որ կարողանա ազգային ավիափոխադրողի պայմանագիրը երկարաձգել և պետության կողմից իր առջև դրված պարտականությունները կատարել: Պայմանագրի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին: Նա չէր բացառել, որ «Արմավիան» հայտարարություն կանի իր սնանկության մասին: Մինչ այժմ ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ստանալու համար որևէ ավիաընկերություն դեռ չի դիմել:

«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: 2001 թվականից չվերթներ է իրականացրել ունենալով ընդամենը մեկ օդանավ: 2007 թվականին օդանավերի քանակն արդեն հասել էր 14-ի: Գործունեության 2007- 2010 թվականներին ավիաընկերությունը երաշխավորել է իրեն որպես վստահելի գործընկեր, որը բարեխղճորեն եւ որակով կատարել է իր առջեւ դրված պարտականությունները: Արդեն մի քանի ամիս բանակցություններ էին ընթանում «Արմավիա»-ի վաճառքի շուրջ: Ընկերությունը հայտարարել է, որ բանակցությունները տարվում են իտալական եւ օտարերկրյա այլ կազմակերպությունների հետ:

 

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply