Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 29, 2013 16:35

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության և վերջինիս անդամ հանդիսացող Հայաստանի համալսարանների միջև համագործակցության շրջանակներում գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիբոլտին և գործակալության տարածաշրջանային ղեկավար Աբդերահման Ռիդային:

Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ միամսյակի շրջանակում իրականացվող միջոցառումների շարքում կրթական ծրագրերը զգալի տեղ են զբաղեցնում:

“Ինչպես գիտեք, Ֆրանսիայի և ֆրանսիացիների նկատմամբ Հայաստանում հատուկ վերաբերմունք կա: Եվ պատահական չէ, որ վերջին տարիներին երկու երկրների կրթության ոլորտում մի շարք համաձայնագրեր են կյանքի կոչվել, մասնավորապես, ընդլայնվել են ֆրանսերենի դասավանդման ծրագրերը հանրակրթական դպրոցներում, նախապատրաստվում է նոր համաձայնագիր` Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմանդրելու վերաբերյալ: Տարածաշրջանում միակ` Ֆրանսիական համալսարանից բացի, ՀՀ մի շարք բուհերում ֆրանսերենը դասավանդվում է` որպես առանձին մասնագիտություն”,-նշել է նախարարը` հավելելով, որ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում ֆրանկոֆոնիայի ծրագրերի տարածմանը պետք է հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի ՀՀ բուհերն առավել ակտիվ ներգրավված լինեն ասոցիացիայի աշխատանքներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիբոլտին նշել է, որ մեկամսյակի շրջանակում, իրոք, իրականացվել են մի շարք կրթական ծրագրեր, մասնավորապես, օրերս Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում բացվել է Ակադեմիական նվաճումների կենտրոնը, իսկ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության “Երևանի ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնին” ավելի մեծ տարածք է տրամադրվել: Նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում ասոցիացիայի անդամ ՀՀ չորս բուհերի ներկայացուցիչներ կմասնակցեն Սան–Պոլոյում կայանալիք կրթական գագաթաժողովին, որին ներկայացված կլինեն աշխարհի շուրջ 800 բուհեր:

Ըստ գործակալության գլխավոր քարտուղարի` գագաթաժողովը առիթ է հայաստանյան բուհերի համար` ներկայանալ և համապատասխան գիտակրթական կապեր ամրապնդել աշխարհի այլ բուհերի հետ: Տիկին Վանդա Դիբոլտին նաև նշել են, որ ասոցիացիայի կազմում ընդգրկված տարածաշրջանի 88 համալսարանների հետ իրականացվող ռազմավարությունն ընթանում է չորս հիմնական ուղղություններով` կրթություն, կրթության կառավարում, գիտություն և աշխատակազմի կարողությունների զարգացում: Հայաստանի բուհերը, ըստ գործակալության գլխավոր քարտուղարի, ցանկություն են հայտնել` իրենց համապատասխան փորձագետներ տրամադրել` տարբեր նախագծերի կազմման աշխատանքներին աջակցելու նպատակով:

Վերջինիս կապակցությամբ նախարարն ընդգծել է, որ ՀՀ բուհերի ինքնավարության մակարդակը բավականին բարձր է, և Բոլոնիայի անդամ երկրների ցանկում վերոնշյալ ցուցանիշով Հայաստանը գրավում է միջին դիրք:

“Հետագայում նախատեսվում է ավելի ընդլայնել բուհական ազատություններն ու  իրավունքները` միաժամանակ պահպանելով բուհերի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը”,-նշել է նախարարը` կարևորելով վերոնշյալ, ինչպես նաև բուհերի հավատարմագրման գործընթացներում աշխատակազմերի կարողությունների զարգացման հարցը:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply